Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մամուլի ակումբը կիսում է «Պարադա» ֆիլմին դահլիճ չտրամադրելու կապակցությամբ ՀԿ-ների վրդովմունքը

Հոկտեմբեր 24,2012 16:40

Երևանի մամուլի ակումբը կիսում է «Պարադա» ֆիլմի ցուցադրման համար հերթական անգամ դահլիճ չտրամադրելու  կապակցությամբ հոկտեմբերի 23-ին նամակով հանդես եկած հայկական հասարակական կազմակերպությունների վրդովմունքը։ Նման հրապարակային միջոցառումների անցկացման խոչընդոտումը մենք գնահատում ենք որպես կարծիքների արտահայտման իրավունքի կոպիտ խախտում։

Հազիվ մեկ տարի է անցել այն բանից հետո, երբ մենք գոհունակությամբ նշեցինք, որ համարյա դադարել է քաղաքական նկատառումներով տարածք  չտրամադրելու արատավոր պրակտիկան։ Եվ ահա հայ հասարակությունն այսօր բախվում է նոր, ոչ նվազ ամոթալի երևույթի՝ բազմազանության և անձնական ազատության հիմնախնդիրների շուրջ տեղեկատվության տարածման արհեստական սահմանափակման։

Անկախության նվաճումից և երկրի զարգացման ժողովրդավարական ուղու ընտրության հռչակումից 20 տարի անց հայկական պետականությունը, պարզվում է, ի զորու չէ իր քաղաքացիներին պաշտպանել անհանդուրժողականությունից եւ այլատյացությունից։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել ցուցադրումը չեղյալ հայտարարող դահլիճների տնօրինությունների  «վախվորածությունը»։ Այս առնչությամբ հնարավոր չէ չհիշել սույն թվականի ապրիլին իրավապահ մարմինների անգործությունն՝ ինչ-որ մեկին «անհաճո» ֆիլմերի ցուցադրման համար դահլիճ տրամադրած Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դեմ ագրեսիվ վերաբերմունքի դրսեւորման ժամանակ։

Պետական և հանրային կյանքի կազմակերպման  եվրոպական նորմերին հետևել

ձգտող իշխանության համար անթույլատրելի է թողտվությունն այն մարդկանց ու խմբերի հանդեպ, որոնք իրենց իրավունք են վերապահում արգելել, սպառնալ, բռնություն կիրառել, մյուսներին պարտադրել իրենց պատկերացումներն առ այն, թե ինչն է կարելի և ինչը՝ ոչ։

Երևանի մամուլի ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031