Արդեն 11 տարի է՝ ՀՀ ԿԳ նախարարությունը՝ մի խումբ հ/կ-ների հետ, Հայաստանում ներմուծել է ներառական կրթության գաղափարախոսությունը, սկզբունքները: Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը, որ առաջինն իր ղեկավարած թիվ 27 դպրոցում է այն «փորձարկել», Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Ներառական կրթության համակարգը լուրջ փորձության է ենթարկվել Հայաստանում, քայլեր են եղել, հետազոտություններ արվել, այն փորձել են ներդնել սկզբում 1, հետո 5 դպրոցում: Այսօր արդեն 100-ից ավելի դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն: Ասել, որ այդ գաղափարախոսությունը միանշանակ ընդունվում է մեր հասարակության կողմից, դեռ շատ վաղ է, բայց դա պե՛տք է ներդրվի, մեր հասարակությունն էլ պետք է ընկալի, որովհետեւ դա հասարակության հանդուրժողականության չափորոշիչ է»:
Տիկին Բախշյանը շեշտում է՝ պետք է յուրաքանչյուր երեխայի կրթությունը կազմակերպվի՝ ըստ նրա կարիքի, դա բարձրացնում է կրթության որակը:
Մասնագետը կարծում է, որ մեր հանրությունը նախեւառաջ կարիք ունի վերաբերմունքի եւ մտածելակերպի փոփոխության, իսկ ներառական կրթության իրականացումը, ըստ նրա, դրսից ներմուծված եւ մեր ժողովրդի վզին փաթաթվող մի բան չէ. «Մեր ազգային մանկավարժական գիտության մեջ դեռ 4-րդ դարից սկսած մանկավարժության ոլորտի մեծերը կարեւորել են այն փաստը, որ բոլոր երեխաները, անկախ սեռից, տարիքից, ազգությունից եւ սահմանափակումներից, պետք է սովորեն միասին: Այդ մասին ասել են նաեւ Անանիա Շիրակացին, Գոշը:, Րաֆֆին, Աբովյանը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ եթե Հայաստանում ներառական կրթության կազմակերպումը գնահատելու լիներ 10 միավորանոց համակարգով, ինչ գնահատական կտար իրավիճակին՝ իբրեւ կրթության ոլորտի փորձագետ, տիկին Բախշյանը պատասխանեց. «Կգնահատեի 3 ասպեկտով,
ա) ինչպե՞ս է այդ գաղափարախոսությունը որպես քաղաքականություն պետության կողմից ընդունվել,
բ) ինչպես է դա ներդրվում,
գ) ինչպես է կիրառվում:
Առաջինը կգնահատեի շատ բարձր՝ 10-ի մեջ 7,8 միավոր, ներդրումը՝ 4-5 կգնահատեի, իսկ կիրառումը՝ 3, որովհետեւ հասարակության կողմից վերաբերմունքի փոփոխությունը շատ դժվար է գնում: Օրինակ՝ Տավուշի մարզում պիլոտային ծրագրով համընդհանուր ներառական կրթություն է իրականացվում, եւ չկան հատուկ ներառական դպրոցներ, բոլոր դպրոցները բոլոր երեխաների համար բաց են: Ու կիրառումն այդտեղ շատ բարձր գնահատականի կարելի է արժանացնել, ի տարբերություն Շիրակի եւ Արագածոտնի մարզերի: Մի բան, որ նաեւ «Յունիսեֆի» վերջին տվյալներն են փաստում: Երեկ օրենքը ներկայացնելիս, նախարարն էլ ասաց, որ մեզանում նախ վերաբերմունքը եւ մտածելակերպը պետք է փոխվեն»
Նշենք, որ հատուկ դպրոցների որոշ ծնողներից մտահոգություն ենք ստացել այն մասին, որ փակվելու են հատուկ դպրոցները: Նրանցից մեկը՝ Անժելա Հարությունյանն, օրինակ, ասում է. «Երկու տարի երեխան սովորել է հանրակրթական դպրոցում եւ տառաճանաչ չի դարձել, մինչդեռ Երեւանի թիվ 12 հատուկ դպրոցում նա սովորել է կարդալ ու գրել: Պատճառները հետեւյալներն են՝ հատուկ դպրոցների դասարանում երեխաների թիվը քիչ է, ծրագիրը՝ մատչելի, մանկավարժներն էլ՝ վերապատրաստված: Հատուկ դպրոցում երեխաները դասապատրաստում են անցնում մանկավարժների եւ ոչ թե ծնողների օգնությամբ: Եվ հետո սահմանափակ ունակություններով երեխաները կարող են ծաղրուծանակի ենթարկվել իրենց դասարանցիների կողմից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ