Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Հայերի սպանությունները պատահականություն չեն»

Հոկտեմբեր 24,2012 16:02

«Վերջին տագնապալի զարգացումները կարելի է կոնկրետ ամսաթվի հետ կապել. հոկտեմբերի 3-ին, ըստ թուրքական աղբյուրների, ինչ-որ հրետանային արկեր ընկել են թուրքական տարածք, ի պատասխան՝ Թուրքիան բացել է կրակ սիրիական տարածքի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սիրիայում տեղի ունեցող դեպքերի ու սիրիահայերի անվտանգության մասին, ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Ինձ համար տարօրինակ էր, որ Սիրիայի իշխանությունները շտապեցին ներողություն խնդրել Թուրքիայից: Ու ավելի զարմանալի էր այն, որ Սիրիայի իշխանությունները հրահանգել են սիրիական զորքերին նույնիսկ չմոտենալ թուրքական սահմանի 10 կիլոմետրանոց հատվածին եւ չուղարկել տեխնիկա, մանավանդ՝ օդային ուժերը: Սա նշանակում է՝ այդ տարածքը Սիրիայի եւ Թուրքիայի իշխող շրջանակների ջանքերով դարձել է յուրահատուկ կոնցլագեր, որտեղ ինչ-որ ցուցումով նահանջող ընդդիմադիր զինյալներին թուրքերը ոչնչացնում են: Այսինքն՝ Թուրքիային հանձնարարվել է ոչնչացնել, մաքրել, զտել ընդդիմադիր ուժերը, այսպես ասած՝ ոչ սիրիական տարրերից»,-այս կարծիքին է քաղաքագետը:

Շաքարյանցը անդրադառնալով Սիրիայում հաճախակի դարձած հայերի սպանություններին՝ շեշտեց, որ դա ամենեւին էլ պատահականություն չէ. «Հայերի սպանություններն իրականացվում են կոնկրետ մարդասպանների կողմից: Իսկ մարդասպաններին ես պայմանականորեն անվանում եմ ամերիկամետ արաբական երկրներից ժամանած վարձկաններ, որոնք հատուկ մտնում են քրիստոնյա թաղամասեր ու չեն նայում երեխա է, կին, սպանում են բոլորին: Իսկ այս իրավիճակում կարեւոր է, որ հայությունը գոնե, որպես նախազգուշական քայլ, հայտարարի իր ուժերի միավորման մասին: Ընդհանրապես հայ համայնքը պետք է վաղուց հայտարարեր, որ իր տարածքը վերցնում է հսկողության տակ: Մենք պետք է սպառնանք ու շատ կտրուկ ասենք, որ հայկական թաղամաս մտնողը կյանքով կվճարի: Ամեն մի զոհված հայը՝ դա մեզ համար ցավ է, որովհետեւ այնտեղ ապրողներից յուրաքանչյուրը այն չպարտված հայության մասն է, որը զենքով է նահանջել Սիրիա տարբեր տեղերից: Նրանք այն չնվաստացած հայերն են, նրանց գենում չկա պարտվածություն, նրանք անկոտրուն են»,- ավելացրեց Շաքարյանցը, ըստ որի, արդեն քիչ թե շատ քրիստոնյա թաղամասերը վերահսկում են հայ երիտասարդների ջոկատները, նրանք փորձում են թույլ չտալ, որ գրոհայինները հարձակվեն ինչպես քրիստոնյա թաղամասերի, այնպես էլ օբյեկտների վրա, որոնք պատմական եւ մշակութային արժեքներ են. «Այնտեղ շատ բան կա պահպանելու: Գրոհայինները ոչինչ չեն ափսոսում, վառում են ամեն ինչ: Այսինքն, եթե մարդը մուսուլման լինելով վառում է մզկիթը ու չի ափսոսում, ապա պատկերացրեք, թե ինչ է սպասվում քրիստոնյաների եկեղեցիներին»,-նշեց քաղաքագետը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031