Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Խաչատրյան. «Իրականում ինդեքսը այլ տնտեսական կյանք է ցույց տալիս, իրական կյանքը՝ այլ»

Հոկտեմբեր 24,2012 15:41

Doing business-2013-ում, որն այս տարի հրապարակվել է «Խելամիտ կարգավորումներ միջին եւ փոքր բիզնեսի համար» խորագրի ներքո, Հայաստանը զբաղեցրել է 32-րդ տեղը: Ըստ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի՝ դա լավագույն ցուցանիշն է ՀՀ-ի ողջ պատմության ընթացքում:

Արդյոք իրական կյանքում զգալի՞ է այս առաջընթացը, Aravot.am-ն այս մասին մեկնաբանություններ ստացավ ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանից: Նա նշեց. «Իշխանությունը վաղուց որդեգրել է իմիտացիոն գործունեություն, որի մեջ մտնում է համաշխարհային տնտեսության վերաբերյալ համաթվերի առաջընթացի արձանագրման գործընթացը: Նշվում է, որ բիզնեսի կազմակերպման առումով առաջընթաց է գրանցվել, բայց դա ընդամենը այն պայմաններն են, որոնք թղթաբանական հնարավորություն են տալիս մարդուն բիզնես սկսել: Եթե բիզնես ես սկսում, երկու օրից ձեզ թուղթ կտան, այսինքն՝ մեծ առաջընթաց է ապրել ներդրումների հետ կապված բնագավառը, հարկային համակարգը, բայց իրականության հետ դրանք կապ չունեն, քանի որ դա դեռ չի նշանակում, որ դու կարող ես ՀՀ-ում բիզնեսով զբաղվել: Նույն հարկային համակարգում, եթե ինչ-որ փոփոխություններ են եղել, դեռ չի նշանակում, որ նոր բիզնես սկսողին, կամ բիզնեսում գտնվող բոլոր անձանց է դա վերաբերում: Դա թղթավարության գործում առաջընթաց կարող ենք համարել, բայց պրակտիկ կյանքում ոչ մի առաջընթաց էլ չկա: Դա նույնպես ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները, կառավարությունը իմիտացիաներով են զբաղված»:

Պարոն Խաչատրյանը ևս մեկ հանգամանք նկատեց. «Երբ ուսումնասիրում ենք ենթաբաժինները, ապա նույն հարկայինի հետ կապված 108-րդ տեղում ենք, այսինքն՝ մեր մեթոդոլոգիայի պայմաններում դեռ շատ անելիքներ կան: Ինդեքսը և իրականությունը իրար հետ կապ չունեն: Դրանով չի կարելի առաջնորդվել և ասել, որ կարելի է ՀՀ-ում ներդրումներ անել: Իրականում ինդեքսը այլ տնտեսական կյանք է ցույց տալիս, իրական կյանքը՝ այլ»:

Մեր այն հարցին՝ այդ դեպքում ներկայացված թվերն ի՞նչ կարեւորություն ունեն, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Այդ համաթվերը երբևէ իրականություն չեն դառնում մեթոդոլոգիա մշակողների և պատասխանատուների համար: Դա արվում է համաշխարհային բանկի հետ, իսկ այն կոնկրետ պրոցեսով ու իրավիճակով չի հետաքրքրվում: Նրանք ասում են, թե գործը արեք՝ կարձանագրեք, որ լավ եք արել, վարկային միջոցներ կտանք: Իրականում ինչ է կատարվում բիզնեսի բնագավառում և հասարակության մեջ, ոչ ոքի չի հետաքրքրում: Վստահության պակասն է, որ կա իշխանության նկատմամբ հասարակության մեջ, քանի որ մարդիկ ամենօրյա իրենց կյանքում շփվում են իշխանության ներկայացուցիչների հետ և տեսնում, որ ոչ մի փոփոխություն չկա: Դրա վկայությունն է ԱԺ-ի վերջին քննարկումները՝ Հանրային հեռուստաընկերության հաշվետվության մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031