«ՀԱԿ-ը ամեն իր հայտարարությունից առաջ թող մտածի, թե ինչպես են այն ժամանակներում տեղի ունեցել ընտրությունները: ՀԱԿ-ը փորձում է իրեն ցույց տալ այնպիսի մի քաղաքական ուժ, որն ընդհանրապես նախկինում որեւէ խնդիր չի ունեցել, խնդիրների հետ կապ չի ունեցել եւ այսօր լուսնից է իջել ու տեսնում է բազում թերություններ եւ փորձում է դրանց արձագանքել, շտկման մասին խոսել: Այսօր ինչ ունենք՝ դրանց մի մասը ՀԱԿ-ի վատ ժառանգությունն է, որ ստիպված ենք հերոսաբար հաղթահարել ու դրանք վերացնել»,- այսօր «Տեսակետ» ակումբում, անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի դիտարկմանը, թե Հայաստանում ընտրություններին մասնակցելը նման է շուլերների հետ թղթախաղ խաղալուն, մեկնաբանեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Խոսելով «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներքին հարաբերություններից՝ պատգամավորը հիշեցրեց. «Երկու տարի առաջ էլ եմ «Ժառանգության» քաղաքական ուժի նկատմամբ նույն կարծիքը հայտնել: Իրենց մոտ անհատապես ամեն ինչ նորմալ է, բայց խմբակային, կազմակերպված ոչինչ չեն կարողանում անել: Անընդհատ նախագահներ են փոխում, վարչության նախագահներ, այսինքն միշտ ինչ-որ գործընթացներ են պտտվում Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ »:
Պարոն Ավետիսյանը չի կարծում, թե ընդդիմությունը նախագահական ընտրություններում կհամախմբվի. «Ցանկալի է, որ քաղաքական դաշտում ընդդիմությունը կայացած լինի, բայց պարզ չէ՝ ինչ ձեւով են նախագահական ընտրություններին իրենց մասնակցությունը ցուցաբերելու: Որքան շուտ այդ խնդիրն իրենց մեջ լուծեն, այնքան պարզ կլինի: Փոքր քաղաքական ուժերը անընդհատ փորձում են պտտվել ԲՀԿ-ին միանալու, իրենց քաղաքական խնդիրների մեջ ԲՀԿ-ին ներգրավվելու շուրջ: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն ինքնուրույն կորոշի իր անելիքները, չեմ կարծում, որ փոքր քաղաքական ուժերը կկարողանան ԲՀԿ-ին ինչ-որ ձեւով գայթակղել, որ ԲՀԿ –ն միանա իրենց ու ընդդիմադիր քաղաքական դաշտ կազմի»:
Հարցին, թե ՀԱԿ-ին փոքր քաղաքական ո՞ւժ է համարում, պարոն Ավետիսյանն ասաց՝ ԱԺ- ի շրջանակներում՝ այո:
Կարդացեք նաև
Պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ին ընտրություններում մրցակից չի համարում. «Քանի դեռ ԲՀԿ-ն պաշտոնական հայտարարություն չի արել, չեմ ցանկանում մնացած առանձին հայտարարությունները մեկնաբանել ու դրանց շուրջ նախագահական ընտրությունների մոտիվացիա քննարկել: Գիտեմ մի փաստ, նրանք ստորագրել են հուշագիր, դրանից այս կողմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել նրանց կողմից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ