«Տեղի է ունենում տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերաձեւավորում: Սառը պատերազմից հետո ամենասուր ու քաղաքական իրադրությունն է, որը հիմա շրջապատում է մեզ: Այս ամենի հիմքում նավթի պրոբլեմ կա, արեւմուտքը աշխատում է փրկել ոչ միայն նավթի պաշարները, այլ նաեւ փոխադրման ուղիները: Եթե այսպես շարունակվի պարզապես կոտորած կլինի»,-այսօր «Սիրիական պատերազմը, Սիրիայում բնակվող հայերին Հայաստանի կողմից աջակցման ուղիները» թեմայի շուրջ խոսեց արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:
Հրապարակախոս Կարինե Հակոբյանի համոզմամբ, այս գործընթացը երկար է տեւելու, մտահոգությունները շարունակվում են, թեեւ քայլեր արվել են, սակայն , պետք է ամեն ինչ անել ընդհանուր նպատակին՝ հայրենադարձությանը հասնելու համար. «Եթե Հայաստանն ունենա հայրենադարձության եւ հայաստանակենտրոն հայության ծրագիր, ապա շատ հարցեր ճիշտ լուծում կստանան: Այսօր իրականացվում են սիրիահայությանը աջակցելու տարբեր միջոցառումներ, մեր առաջարկությունն է, որ այդ բոլոր միջոցառումները պետք է ունենան մեկ ուղղվածություն: Որոշակի մշակված ծրագիր պետք է լինի հայերին հայ հողի հետ կապելու եւ ամրացնելու մասին: Մենք չգիտենք, թե Սիրիայի պատերազմը ինչ տարածում կունենա, աշխարհասփյուռ ժողովուրդ ենք եւ ունենք հայությանը պաշտպանելու խնդիր բոլոր երկրներում»:
Հրապարակախոսի պնդմամբ, շատ բան պետք է փոխվի մեր ազգային մտածողության մեջ, մեր մտածողության մեջ չկա հենց հայրենիքը զարգացնելու գաղափարը:
«Հայաստանում գումարների պակաս չկա, հայության համար գումարի խնդիր չի եղել, նրա ձեռքին կա ահռելի ֆինանսական կապիտալ, երբ այդ կապիտալը չունի ծրագիր, ապա հող էլ չունի: Ես իմ բողոքն եմ ուղղում այն մարդկանց, ում ձեռքին կուտակված է այդ կապիտալը»:
Կարդացեք նաև
Երաժշտագետ, հեռուստալրագրող Մարգարիտ Թաղտաջյանը նշեց, որ քաղաքական կառույցները եւ հասարակությունը մտացրիվ են գործում, թվում է թե ամեն ինչ արվում է, բայց արդեն ուշացել ենք. «Մենք հայերս լուռ ենք, համայնքը պետք է պահպանվի, որովհետեւ դրանք արդեն իսկ ջախջախված են: Մեր հասարակությունը հիվանդ է, եթե մտածում է միայն օգուտի մասին: Հիմնադրամի միլիոնները պետք է պահանջել եւ այստեղի հայությանը չպետք է թողնել, որպեսզի գնան»:
Հասարակական գործիչ Շողիկ Ամիրխանյանի պնդմամբ, Հայաստանը պետք է դառնա տունը հայերի. «Բնակչության մի մասը լքել է իր երկիրը, սա ալիք էր, որը խրախուսեցինք, սակայն պետք է լցվի մեր հողը: Հայը, ով հեռվից հեռու սիրում է իր երկիրը, պետք է տուն գա եւ ամբողջ բնակչությունը պետք է հոգեբանորեն պատրաստվի դրան: Մենք պահանջում ենք տեր կանգնել մեր երկրի մեխանիզմին»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ