Իսրայելի Էյլաթ քաղաքում շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում փոխչեմպիոնի կոչումը նվաճած Երեւանի «Միկա» կանանց ակումբի անդամներ, միջազգային գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
«Մենք հենց սկզբից էլ գնում էինք արծաթե մեդալների ետեւից: Մեր ակումբը Եվրոպայի առաջնության ոսկի եւ երեք բրոնզ ուներ: Արծաթե մեդալն էր պակասում, որն Էյլաթում նվաճեցինք: Առաջնության սկիզբն այնքան էլ լավ չստացվեց մեզ համար` երկու անընդմեջ պարտություն կրեցինք: Սակայն դրանից հետո աղջիկներով կարողացանք հավաքվել եւ չորս անընդմեջ հաղթանակ տանելով` արծաթե մեդալը նվաճեցինք: Շատ ուրախ եմ, քանի որ արդեն ունենք Եվրոպայի ակումբային առաջնության մեդալների ամբողջական հավաքածու», – ասաց Հայաստանի լավագույն շախմատիստուհի, միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Իսկ մեր թիմի առանցքային երկրորդ խաղացողը` միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը հավելեց. «Իսկապես, սկզբում միմյանց ետեւից երկու անգամ պարտվելուց հետո մեդալակիր դառնալու համար մեզ չորս անընդմեջ հաղթանակ էր անհրաժեշտ: «Մոնտե Կարլոն» շատ ուժեղ թիմ էր եւ հաղթողի գլխավոր հավակնորդը: Մենք պայքարում էինք երկրորդ տեղի համար: Առաջնության վերջնամասում պարզ էր, որ 2-րդ հորիզոնականում ընթացող «Յուգրան» վերջին երկու տուրերում հանդիպելու է ուժեղ մրցակիցների հետ եւ սայթաքելու մեծ հավանականություն կա: Այդպես էլ եղավ: Իսկ մենք տարանք անհրաժեշտ հաղթանակները եւ նվաճեցինք Եվրոպայի ակումբային փոխչեմպիոնի կոչումը: Շատ ուրախ ենք: Սա, իսկապես, շատ մեծ արդյունք է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ