Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով» ամբաստանյալների պաշտպանները ագրեսիվ դիրքորոշում են ցույց տալիս

Հոկտեմբեր 24,2012 14:25

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «Հարսնաքարի» գործով սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը. լսել տուժողներին, ապա վկաներին, ամբաստանյալներին, ուսումնասիրել գործում առկա փաստաթղթերը եւ զննել իրեղեն ապացույցները:

Դատարանի այս որոշումը կանխատեսելի չէր ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Դավիթ Ադամյանի եւ Արման Բաղդասարյանի պաշտպանների համար: Մասնավորապես՝ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, դիմելով դատարանին, ասաց, թե տրամաբանությունը պարզ չէ, քանի որ դատավարության գրեթե բոլոր կողմերը միջնորդել էին, որպեսզի առաջինը հետազոտվեն ապացույցները: Նա հայտարարության կարգով նշեց, որ դատարանի այդ որոշումն, ըստ էության, արդարացված չէ եւ զրկում է իրենց արդար դատաքննություն իրականացնելու հնարավորությունից:

Մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, անհրաժեշտություն համարեց, որպեսզի առաջինը լսեն տուժող Արտակ Բայադյանին: Նա նաեւ անհրաժեշտ համարեց բոլոր տուժողների ներկայությունը՝ ցուցմունքներ տալու եւ հարցաքննության փուլում:

Սա ամբաստանյալների պաշտպանների համար դարձավ առանձին-առանձին հայտարարություններ անելու առիթ:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը նկատեց, որ դատարանում է տուժող Գարիկ Սողոմոնյանը եւ հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ նրան պետք չէ հարցաքննել:

Փաստաբան Սերգեյ Մկրտչյանը նկատեց, որ որեւէ կարծիք չի հայտնվել տուժողների ցուցմունք տալու հերթականության վերաբերյալ եւ նշեց, որ դատաքննությանը ներգրավված են հանրային պաշտպաններ, որոնք շաբաթը երկու անգամ նիստեր են հետաձգում՝ այլ դատաքննության մասնակցելու պատճառով: Նա նաեւ կասկած հայտնեց, որ եթե մեկ տուժող անգամ չգա դատաքննությանը, ապա այն անհիմն կձգձգվի:

Սակայն ամբաստանյալների պաշտպանները, տեսնելով, որ դատարանի դիրքորոշումն այլեւս անհնար է փոխել, հանդես եկան հայտարարությամբ, որ տուժողների նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնեն: Մասնավորապես, այդ հայտարարությանը կողմ էին պաշտպաններ Միհրան Պողոսյանը, Մարինե Թովմասյանը, Երեմ Սարգսյանը, Սերգեյ Մկրտչյանը: Սերգեյ Մկրտչյանը գտնում էր, որ դատարանը պետք է զգուշացնի անհարգելի բացակայության դեպքում հարկադրանքի միջոց կիրառելու մասին:

Ի դեպ, առաջին անգամ պաշտպանական կողմի կարծիքին դեմ արտահայտվեց պաշտպան Ավագ Լալայանը, որը դեմ էր իր գործընկերներին, մասնավորապես՝ բերման ենթարկելու առաջարկին: Այնուամենայնիվ, դատարանը գտավ, որ տուժողները այսօր բացակայում են անհարգելի, բայցեւայնպես ձեռնպահ մնաց հարկադրանքի միջոց կիրառել նրանց նկատմամբ:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 31-ին:

Այսօր դատարան էին ներկայացել տուժողներ Սողոմոնյանը եւ Միկոյանը, որոնք հայտնեցին, թե պատրաստ չեն ցուցմունք տալու:

Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են Վահե Ավետյանի սպանության եւ նրա ընկերներից երկուսին ծեծի ենթարկելու, միջին ծանրության, առողջության տեւական քայքայումով վնասվածք հասցնելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031