ԱԺ-ում այսօր քննարկվում է նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու հարցը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց. «Միջազգային փորձը ցույց է տալիս, այն երկրները, որոնք ուզում են ճգնաժամից դուրս գալ, գնում են աշխատավարձի միջոցով պահանջարկը խթանելու ճանապարհով, ոչ թե նվազագույն աշխատավարձը կրճատելու միջոցով: Մեր երկրում ինչքան հնարավոր է՝ փորձում են խեղդել պահանջարկը: Չնայած վարչապետի ելույթում հնչեց, որ մենք պետք է խթանենք պահանջարկը, բայց այդպես էլ մենք չենք տեսնում դա: Եթե դուք չեք տալիս մարդու աշխատանքին համարժեք վարձատրություն, աշխատողը չի ստեղծում այն արդյունքը, որն անհրաժեշտ է գործարարին, պետությանը: Աշխատավարձը սահմանվում է որպես մարդու վերարտադրությունը ապահովող, կենսապահովման նվազագույն պահանջները բավարարող գումար: Համաշխարհային բազմաթիվ կազմակերպությունների կողմից տրված հանձնարարություններն էլ են վկայում, որ եթե դուք քաղաքացիներին չեք տալիս կենսապահովման նվազագույն զամբյուղին համարժեք վարձատրություն՝ նրան պարզապես ասում եք, որ դուք իմ համար որպես արժեք ստեղծող՝ չեք գնահատվում: Պարզից էլ պարզ է, որ այդ 35 հազար դրամը ոչինչ չի տալու: Կառավարությունը պատճառաբանում է, թե փող չկա: Այդպես չէ՝ փող կա»:
Ավելի ուշ, ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը օրինագծի առնչությամբ, պարոն Մինասյանը նշեց. «Կա՞ արտադրողականության եւ աշխատավարձերի միջեւ կապ: Այդ կապը չկա: Կառավարությունը նշում է՝ արդար չէ, եթե մենք նվազագույն աշխատավարձը բարձրացում ենք, ապա պետք է մյուս աշխատավարձերն էլ բարձրացնենք: Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է Կենտրոնական բանկի հավաքարարը ստանում օրինակ՝ 250 հազար դրամ, ԱԺ-ինը՝ 243 հազար դրամ: Վիճարկելի է, որովհետեւ արտադրողականությունը տրված չէ: Բայց կառավարությունն ասում է, որ եթե մենք նվազագույն աշխատավարձը բարձրացնում ենք, պիտի նույն համամասնությամբ բարձրացնենք նաեւ մյուսների աշխատավարձը: Հարց է առաջանում՝ եթե դուք 2500 դրամով բարձրացնում եք հիմա, բարձրացնո՞ւմ եք նախարարի աշխատավարձը, մյուսների աշխատավարձը, քաղծառայողների աշխատավարձը, համայնքային ծառայողների աշխատավարձերը: Ոչ: Չեք բարձրացնում, հետեւաբար ձեր այդ թեզը կեղծ թեզ է, որն օգտագործում եք միայն ընդդիմադիրներին հակադարձելու համար: Կառավարությունն ասում է, որ ձեր առաջարկած տարբերակով պահանջվում է 2013-ի համար լրացուցիչ 16.8 մլրդ դրամ: Եթե 17 մլրդ դրամ այս կառավարությունն ի վիճակի չի լրացուցիչ ներդնի, մենք պետք է ասենք այս կառավարությանը՝ ցտեսություն: 17 մլրդ դրամի արդյունքում եթե մենք կարողանում ենք արդարության սկզբունք հաստատել առնվազն, ինչո՞ւ այդ քայլին չի գնում: Պատճառը մեկն է՝ որովհետեւ կառավարությունը չի առաջնորդվում ՀՀ Սահմանադրությամբ, մայր օրենքով: Նա առաջնորդվում է պահի, իրավիճակի թելանդրանքով: Շատ շուտով՝ 2013-ի հունվարի մեկից սկսած դուք կլսեք բազմաթիվ բողոքներ ու անեծքներ, արտագաղթի մեծ ալիք՝ մեր երկրում: Գործատուներն իրենց հերթին են բողոքելու, աշխատողներն իրենց հերթին են դժգոհելու: Կառավարությունը չի կարողանալու տիրապետել իրավիճակին: Կառավարությանը խնդրում, հորդորում ենք, որպես մեծամասնություն, մի գնացեք այդ արատավոր պրակտիկային, մի անգամ գոնե լսեք ընդդիմադիրներին: Մենք մեր երկրի վատը չենք ուզում: Պետք չի, որ կառավարությունը կախարդական փայտիկ օգտագործի, դրա խնդիրը չկա: Ողջամտություն է պետք: Հերիք է ամեն հարցում տեսնեք քաղաքական նպատակ, որ վա՛յ, եթե մենք ընդունեցինք այս առաջարկը, ուրեմն մենք կորանք: Չկա այդպիսի բան»:
Կառավարությանը ցտեսություն ասելու Արծվիկ Մինասյանի խորհրդին անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ «ցտեսություն» նշանակում է «մինչ տեսություն», այսինքն՝ նորից հանդիպելու են այդ կառավարությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ