«Ինչո՞ւ է արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի գործարքը գաղտնի պահվել, ինչո՞ւ վաճառքից առաջ հասարակական լսումներ չեն անցկացվել, ինչո՞ւ կառավարության կայքում 1 օր առաջ ԱԳՆ շենքի վաճառքի նախագծի մասին տեղեկատվություն չի զետեղվել, եւ միայն նիստի օրն է հասարակությունն իմացել այդ մասին, ինչպե՞ս է որոշվել այդ շենքի շուկայական գինը եւ այլն»,-այսօր պետական գույքի կառավարման վարչությունում տեղի ունեցած ասուլիսում ԱՆԳ-ի շենքի վաճառքի մանրամասներով վարչության պետ Արման Սահակյանին լրագրողներն ուղղակի հարցախեղդ արեցին:
Պարոն Սահակյանը, վստահեցնելով, որ ԱԳՆ շենքի համար ամենահարմար գնորդն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, որը ԱԳՆ-ի շենքի համար վճարել է 51 միլիոն 270 հազար դոլար, խորհուրդ տվեց էմոցիաների գիրկը չընկնել եւ
այդ ամենը հանրությանը չմատուցել էմոցիոնալ տեսանկյունից. «Մենք չենք տանելու ԱԳՆ-ի շենքը հանրապետության հրապարակից, մենք չենք ձեւափոխելու այն եւ եկեք չնեղացնենք այն մարդուն, որը գնորդն է: Այդ շենքի վերակառուցումն էլ է այսօր լուրջ խնդիր, ինչպես գիտեք՝ շենքի ողջ տանիքը բաղդադ է եւ վերանորոգման համար բավականին լուրջ ծախսեր են պահանջվելու, գնորդը գրեթե նույնքան էլ պիտի ներդնի, որպեսզի կարողանա շենքը պատշաճ տեսքի բերել եւ օգտագործել:
Բացի այդ, 3 տարի պետք է սպասի մինչեւ նոր շենքը կառուցվի, այդ գերատեսչությունները տեղափոխվեն: Մենք չեղած բանը փորձում ենք հանրությանը մատուցել էմոցիոնալ տեսանկյունից: ԱՄՆ-ում մի շենք կա, որտեղ ԱՄՆ նախագահ Ջեֆերսոնը գրել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, հիմա այդ շենքը ծառայում է որպես խորտկարան, ի՞նչ, ամերիկացիներն ասեն՝ մեր խորհրդանիշը ծախե՞լ են»:
Կարդացեք նաև
Սփոփելու համար պարոն Սահակյանը նշեց, որ 50-ական թվականներին ԱԳՆ-ի շենքում ինչ ասես, որ չեն գործել` «գաստրոնոմ, կոշկակարանոց» է եղել:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է որոշվել ԱԳՆ-ի շենքի վաճառքի գինը, պարոն Սահակյանը հայտնեց, որ այդ տարածքի 1 քմ-ի շուկայական գինը 1500-ից 2000 դոլար է, եւ պետությունը այդ գնից կրկնակի ավելի գումարով է վաճառել:
Վարչության պետը նաեւ հայտնեց, որ Էռնեկյանից բացի, եղել են գնելու ցանկություն ունեցողներ, որոնք 10 միլիոնից մինչեւ 30 միլիոն դոլար են առաջարկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ