Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցիալական կյանքի մեջ պետք է մտնի բարձրակարգ արվեստը»

Հոկտեմբեր 24,2012 14:15

Ճանաչված արվեստագետների դիտարկումները

«Առավոտը» վերջին շրջանում հաճախ զրուցելով հյուրախաղորդ արվեստագետների, մասնավորաբար՝ երաժիշտների հետ, եզրակացության է հանգել, որ նրանք ժամանակի մեծ մասը տրամադրում են իրենց երկրում պրոֆեսիոնալ որակների բարձրացմանը, կարճ ասած՝ սեփական մշակույթի զարգացմանը: Մինչդեռ մեզ մոտ շատ երաժիշտներ անընդհատ խոսում են արտերկրյա ուղեւորություններ «կպցնելու» մասին՝ գումար վաստակելու նպատակով: Սա իսկապես մտահոգություն է եւ այս առիթով իրենց կարծիքը հակիրճ հայտնեցին անվանի երաժիշտներ՝ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը ու կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նրանք այդ «մոլուցքը» չկապեցին միայն գումար վաստակելու ցանկության հետ:

Սվետլանա Նավասարդյան

Սվետլանա Նավասարդյանի խոսքը ընդհանրացված էր ու հակիրճ. «Ցանկացած ոլորտում յուրաքանչյուրն իրեն պետք է զգա իբրեւ աշխարհի քաղաքացի»:

Էդուարդ Թադեւոսյան

Էդուարդ  Թադեւոսյանի խոսքերով՝ «Արտերկրյա ուղեւորությունների ձգտումը միմյանց հետ շփվելու եւ ընդհանրապես տեղեկատվության պակասի արդյունք է: Զարմանալի ոչինչ չկա. տեղեկատվական այս օվկիանում կան նույնիսկ միջին սերնդի ստեղծագործողներ, որոնց մասին չգիտենք: Նրանք անհասանելի են նույնիսկ համացանցով: Իսկ այն փաստը, որ կրտսեր կոլեգաներս ձգտում են եւ ինչ-ինչ ճանապարհներով հայտնվում աշխարհի բեմերում՝ ճանաչելի դարձնելով մեր դասական մշակույթը, ես դա կարող եմ համեմատել ինչպես ազգանվեր աշխատանքի ու գործունեության, այնպես էլ մերօրյա խիզախության հետ»:

Բարսեղ Թումանյան

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էլ ասաց. «Հատուկենտ հայաստանցի արվեստագետներ են, որ հասնում ու գրավում են արեւմտյան հռչակավոր բեմերը: Ինչ վերաբերում է այն արտիստներին, ովքեր գնում են համայնքների կամ, ասենք՝ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, այս դեպքում բարձրակարգ արվեստի մասին խոսելն իմաստ չունի: Սա այն դեպքն է, երբ արտիստը գնում, պարզապես թարմանում ու գալիս է: Ճիշտ է ասված՝ մինչեւ քոնը չունենաս, դրսից ինչքան էլ բերես ու ներկայացնես թեկուզ լավագույնը, միեւնույն է, ժամանակավոր է: Պետք է հասկանալ մի բան. ներդրումներ կատարելով ու մշտապես առնչվելով ժամանցային արվեստների հետ, առնչվում ես «մահվան», իսկ իսկական արվեստի դեպքում՝ անմահության հետ: Մի խոսքով՝ մեր սոցիալական կյանքի մեջ պետք է մտնի բարձրակարգ արվեստը իբրեւ ապրելաձեւ ու ապրելակերպ: Կարելի է օրինակ վերցնել ռուսաստանյան «Կուլտուրա» ալիքով հեռարձակվող «Մեծ օպերա», «Մեծ բալետ» ծրագրերից»:

Արամ Սաթյան

Կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ի տարբերություն իր կոլեգաների, կարեւորեց միջոցների դերը, հիշելով 1990-ականները. «Այդ թվականներին Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենն էի եւ պետական խողովակներով կազմակերպեցի նվագախմբի, Սվետլանա Նավասարդյանի եւ Էդուարդ Թադեւոսյանի հյուրախաղերը Իսպանիայում: 12 համերգից նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էմին Խաչատուրյանի հոնորարը կազմեց օրական $700, նվագախմբի արտիստներինը՝ 30 եւ այլն: Իսկ մեր օրերում դրսից  երեւանյան մեկ համերգի համար երկու ինքնաթիռով գործիքներ ու աշխարհահռչակ նվագախմբի արտիստներ են բերում… դրանով ազգիդ դասական արվեստի երկրպագուների բանակը չես ավելացնի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031