Արմեն Խաչատրյանը ծայրահեղ վիճակում է
Մինչ Արմեն Խաչատրյանը փորձում էր արվեստ սովորել, որպեսզի կարողանար աշխատանքի անցնել եւ հոգալ ընտանիքի անդամների պահանջները, կարծես ճակատագրի հեգնանքով հայտնվել է իրավազուրկ վիճակում: Դադարեցվել է Արմենի փախստականի կարգավիճակը, որը համարվում էր Հայաստանում նրա օրինական ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավական միակ փաստաթուղթը: Արմենը ծնվել է 1987 թվականին՝ Բաքվում: 1988 թվականին ընտանիքի հետ միասին բռնագաղթվել է Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն: Գալով Հայաստան՝ հաշվառվել է որպես փախստական եւ ապաստան գտել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում: Մինչ օրս ապրում է այնտեղ` ընտանիքի մյուս անդամների հետ համատեղ: Ընտանիքը բաղկացած է չորս շնչից: Հայրն առաջին կարգի հաշմանդամ է` Ղարաբաղում կորցրել է երկու ոտքը, իսկ աջ ձեռքը գրեթե չի կարողանում աշխատեցնել: Արմենի մայրը երրորդ կարգի հաշմանդամ է, իսկ քույրը խնամում է ծնողներին: Տան միակ աշխատող ուժն Արմենն է, որը, սակայն, անձնագրի հետ կապված խնդրի հետեւանքով բազում նորանոր գլխացավանքների թիրախ է դարձել: «Դեռեւս չենք կարողանում հարմարվել մի վիճակի, հաջորդում է մյուս անհարմարությունը: Այսքան ժամանակ, բացի հաշմանդամությունից, ուրիշ վիճակի չենք հանդիպել»,- զրույցի ժամանակ անկեղծանում էր Արմենը: Բանն այն է, որ Արմենի փախստականի կարգավիճակը դադարեցնելով՝ նրան թողնում են իրավազուրկ վիճակում: Սա այն դեպքն է, երբ ոտնահարվում են մարդու իրավունքները եւ բացարձակ անտարբերությամբ հետեւում, թե մարդը որքան կարող է տանջվել: Արմենն առաջին անգամ փախստականի անձնագիր է ստացել 2003 թվականին, որը մինչեւ 2011 թվականը երկարաձգվել կամ փոխարինվել է նոր փախստականի անձնագրով: Միայն 2011 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ)՝ Արմենի փախստականի կարգավիճակը դադարեցնելու որոշման շնորհիվ նույն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նրան թողել է հնարավորինս իրավազուրկ վիճակում: Հարկ ենք համարում նշել, որ Արմենի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին ՄՊԾ-ի կողմից գրություններ չեն ուղարկվել այդ մասին, որպեսզի նա կարողանա հնարավորինս պաշտպանել իր իրավունքները: Այդ մասին Արմենն ասաց. «2010 թվականի դեկտեմբեր ամսին ուղարկել էին վարչական վարույթ սկսելու մասին ծանուցում, որում, սակայն, նշված չէր, թե երբ է կայանալու, որտեղ եւ ժամը քանիսին: Այդուհետեւ, 2011 թվականի փետրվար ամսին ստացա կարգավիճակս դադարեցնելու մասին որոշումը»: Փաստացի, Արմենի ասածից հետեւում է, որ վարչական վարույթը կայացել է երկու ամիս, որին Արմենը մասնակցություն չի ունեցել՝ տեղեկացված չլինելու պատճառով: Որոշման հիմքում ՄՊԾ-ն նշում է, որ Արմենի փախստականի կարգավիճակը դադարեցվում է հիմք ընդունելով այն, որ նրա ծնողների քաղաքացիության ձեռքբերման ժամանակ նրա 14 տարին լրացած չի եղել: Հավելենք, որ դա «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի պահանջն է, որին ՄՊԾ-ն փորձել է ուժ տալ միայն 25 տարի անց: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արմենը փախստականի կարգավիճակը վերականգնելու համար հայցով դիմել է վարչական դատարան: Դատական քննությունները պարբերաբար հետաձգվում են հայցվորի ներկայացուցիչ Աստղիկ Ջանինյանի միջնորդությամբ եւ այն պահանջով, որ պարտավորեցնեն Միգրացիոն պետական ծառայությանն ապահովել որպես պատասխանող կողմի ներկայացուցչի ներկայությունը դատական քննություններին: Այդուամենայնիվ, նոյեմբերի 27-ին նշանակվել է դատական քննություն, որին միգուցե ներկա լինի պատասխանող կողմի ներկայացուցիչը: Փաստացի, Արմենն այժմ ջանում է վերականգնել իրավունքները, սակայն սոցիալական պայմաններն իրեն մյուս կողմից են ճնշում, իսկ դատարաններում հայց ներկայացնելու, ինչպես նաեւ փաստաբանական խորհրդատվությունների ու միջնորդության համար գումար է պահանջվում: Թե ինչի համար է Արմենին պետք փախստականի կարգավիճակը, նա պատասխանեց. «Նախ՝ կարգավիճակս անհրաժեշտ է նրա համար, որպեսզի կարողանամ անձնագրով ազատ տեղաշարժվել, ունենամ իրավական ուժ, պետք է նրա համար, որ իմ կորցրածի ապացույցի փաստացի օրինակը լինի իմ ձեռքում, որը մի փոքրիկ հնարավորություն է առհավետ չկորցնելու համար, իսկ եթե քաղաքացիություն ստանամ, որն, ի դեպ, ստիպողաբար են անում, ապա դա կմոռացվի, հետո էլ՝ քաղաքացի դառնում են այն դեպքում, երբ պետությունը գոնե որոշակի կարողանում է ապահովել փախստականին, այլ ոչ թե տալիս են քաղաքացիություն եւ թողնում փողոցներում: Ամբողջ ժամանակ լարված վիճակում ենք, ուշադրություն չկա… Հիմա էլ պիտի մտածենք, թե ինչպես ենք կարողանալու ծախսեր անել մեր իրավունքները պաշտպանելու համար: Հայրս հաշմանդամ է, մայրս` նույնպես, իսկ անձնագրիս խնդիրն էլ ավելի է բարդացնում առանց այդ էլ մեր ծանր վիճակը: Վերջիվերջո, որոշելու իրավունքն իմն է, թե որ կարգավիճակում պետք է լինեմ: Դա ամբողջ աշխարհում է այդպես»:
Արմենի վրդովմունքը տեղին է, քանի որ այսօր այն փախստականները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, ակնհայտորեն անտարբերության են մատնվել: Ավելին՝ քաղաքացիության ընդունման եւ չընդունման վերաբերյալ ՄՊԾ-ի պետ Գագիկ Եգանյանը նշել էր. «Կա կառավարական մի ծրագիր, որը, ցավոք, 3 տարի է՝ գումար չի հատկացնում, այդտեղ նշվում է, որ տարբերություն չկա՝ անձը մնում է փախստականի կարգավիճակում, թե ընդունում է քաղաքացիություն, նա չի զրկվում բնակարանի շնորհման իրավունքից: Այսինքն` անձնագրի գույնը չի նշանակում սոցիալական հարցերի լուծում»: Այդուհանդերձ, խոսքերը համոզիչ չեն, իսկ եթե փաստացի` դեպի այլ ուղու վրա են կանգնեցնում, արդյունքում տուժում է արդեն իսկ քաղաքացիություն ձեռք բերած փախստականը, որի փախստական լինելու հանգամանքը չի ճանաչվում ՀՀ-ում գործող ՄԱԿ-ի կողմից եւ մատնվում ծայրահեղ անտարբեր վերաբերմունքի:
Կարդացեք նաև
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ