Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարությունն ինչ որոշի, այդպես էլ կարվի

Հոկտեմբեր 24,2012 14:06

Գլխավոր օնկոլոգի պատասխանը՝ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի տնօրեն Սեւակ Ավագյանին

«Այսօրվա դրությամբ օնկոլոգիական ծառայության հսկողության տակ են գտնվում 30 հազար մարդիկ, որոնց բուժումից անցել է 10 տարուց ավելի, եւ նրանք գործնականում առողջ են, վերադարձել են ընտանիք, հասարակություն: Չիմանալով այս ամենը՝ մեղադրել մի ամբողջ հանրապետական ծառայություն, ժողովրդի մոտ առաջացնել անվստահություն եւ դրա համար պատասխանատվություն չկրել, ես համարում եմ առնվազն ոչ բարոյական: Բացի այդ, մեր կենտրոնն այսօր մի շարք ժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել՝ համակարգչային տոմոգրաֆ, ռենտգեն դիագնոստիկ սարք, գերժամանակակից օպտիկական էնդոսկոպիկ սարքեր, գաստրոսկոպ եւ ցիցստոսկոպ, «ՄԱԳԱՏԷ»-ից՝ ներխոռոչային ճառագայթային բուժման սարք, հեռահար ճառագայթային բուժման սարք եւ այլն, որոնցով ավելի լավ ծառայություններ ենք մատուցում ուռուցքային հիվանդներին: Բացի այս, ներդրված են վիրահատության ժամանակակից մեթոդներ»,- մեզ հետ զրույցում ասաց հանրապետության գլխավոր օնկոլոգ Հայրապետ Գալստյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 12-ի «Առավոտի»՝ «Գլխավոր օնկոլոգը կանգնեցրել է մեր երկրում օնկոլոգիայի բուժման զարգացումը» հրապարակման մեջ արտահայտած «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սեւակ Ավագյանի կարծիքին:

Հոդվածում Սեւակ Ավագյանը նաեւ հայտարարել էր, որ ռեեստրն առաջարկում է Հայաստանում կիրառել ուռուցքային հիվանդների բուժման մի նոր մեթոդ, որն արդեն մի քանի տասնյակ տարի է՝ կիրառվում է եվրոպական երկրներում: Իսկ դրա համար, ինչպես հոդվածում նշել էր պարոն Ավագյանը, անհրաժեշտ է ոլորտի մասնագետների եւ կլինիկաների համագործակցություն. «Մենք առաջարկում ենք համագործակցել, ես նույնիսկ պատրաստ եմ ֆինանսական աղբյուրներ գտնել, բայց ոչ ոք չի համագործակցում: Ներկա եւ նախկին նախարարների ու մասնագետների հետ էլ ենք քննարկել, բայց քար լռություն է, իսկ ժամանակ կորցնելու իրավունք չունենք. խոսքը մարդկանց կյանքը փրկելու մասին է»: Այս առնչությամբ էլ հանրապետության գլխավոր օնկոլոգ Հայրապետ Գալստյանն ասաց, որ Սեւակ Ավագյանն, իսկապես, այցելել է ուռուցքաբանության կենտրոն, եւ այդ հարցի շուրջ քննարկում եղել է, բայց. «Մեզ հետ քննարկումն իրականացվել է հենց մեր կենտրոնում, իմ տեղակալների հետ շրջել են, նույնիսկ տեղ ենք առաջարկել, թե որտեղ կարելի է զարգացնել այդ գաղափարը, բայց դա միայն մեր կամքով չէ: Պարոն Ավագյանը եւ Նազարեթյանը պետք է զեկուցագիր գրեն առողջապահության նախարարություն, թե ինչպիսի իրավիճակ է, իրենք ինչի են պատրաստ, հետո նախարարությունը որոշի՝ ինչ անել: Եվ ի վերջո՝ խոսքը ոսկրածուծի եւ ցողունային բջիջի մասին է, դրանով զբաղվում են արյունաբանները, ոչ թե ուռուցքաբանները: Բայց եթե նախարարությունը նպատակահարմար գտնի այս կամ այն հիվանդանոցում ստեղծել այս կամ այն ծառայությունը, ապա կստեղծեն: Սակայն դա պահանջում է հսկայական ֆինանսական ներդրումներ, տեղյակ էլ չեմ եւ պատրաստ չեմ այդ մասին դատողություններ անելու»:

Սեւակ Ավագյանը նյութում նաեւ կարծիք էր հայտնել, որ մեր երկրում օնկոլոգիական բուժման մեթոդները նախորդ դարի 70-ական թվականների է, մինչդեռ ամբողջ աշխարհում այնպիսի արդյունքներ են արձանագրում, որ ուռուցքային հիվանդություններից մարդկանց մահացությունը նվազագույնի է հասցված: Այս առիթով էլ գլխավոր օնկոլոգն ասաց. «Պետք է ասեմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ միջազգային կառույցների տվյալներով՝ ամբողջ աշխարհում ուռուցքային հիվանդություններից մահացությունը շարունակվում է բարձր մնալ: 2020 թվականին մեր մոլորակի վրա 20 միլիոն մարդ հիվանդանալու է չարորակ ուռուցքով, 10 միլիոնը մահանալու է: Տնտեսապես զարգացած երկրներում նույնպես մահացությունը բարձր է, այլ բան է, որ մեզ մոտ բարձիթողությունն է ավելի բարձր: Նյութում նաեւ ասված է՝ իբր թե օնկոլոգների չուզողության պատճառով բազմաթիվ մարդիկ են մահանում, դա այդպես չէ, իսկ որ բազմաթիվ մարդիկ են փրկվում, այդ մասին անտեղյակ են»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» վերոնշյալ հրապարակումից հետո առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների հետ եւս մեկ անգամ հանդիպում կազմակերպել եւ խնդիրը քննարկել: Նախարարությունից խոստացան հանդիպման արդյունքների մասին տեղեկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031