Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞ւր է «Ժառանգությանը» մեղադրելու հիմքը»

Հոկտեմբեր 24,2012 13:59

Արմեն Մարտիրոսյանը` բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ «Ժառանգությունն» իշխանությունների հետ է համագործակցում

Այն ամենից հետո, ինչ որ վերջին օրերին տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունում, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ հանրության մոտ չեն կարող թերահավատություն առաջացնել կուսակցության նկատմամբ: «Ժառանգությունը» ցույց է տվել, թե միայնակ ինչպիսի պատգամավորներ է ունեցել խորհրդարանում: «Ժառանգությունը» բացառապես իր կազմով եւ թիմով դրական գնահատականի է արժանանում հասարակության մոտ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա: Մեր զրուցակիցը խնդիր չի տեսնում նաեւ այսքանից հետո սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու համար: «Ես չեմ կարող մերժել, այս ամենը որոշակի հարվածներ տալիս է, բայց ընդհանուր առմամբ՝ այս պահին ես միայն «Ժառանգության» թեկնածուին եմ տեսնում, որը կարող է հիմք դնել երկրում արմատական բարեփոխումների»,- ասում է պարոն Մարտիրոսյանը, ով այդ թեկնածուի դերում, բնականաբար, տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին: «Նույնիսկ այս պարագայում մենք ցույց տվեցինք, որ կարող ենք մեր ամբիցիաները կողմ դնել, համախմբման գործընթաց սկսել. անկախ նրանից, թե ի՞նչ պարտավորություններ կային եւ որքանո՞վ դրանք հարգվեցին` մենք մեր զիջումների ծավալն իրացրեցինք եւ գնացինք համագործակցության: Հույս ունեմ, որ հասարակական սեկտորի հետ կապված խնդիրներ չեն ծագի: Թեւան Պողոսյանը միանշանակ դիրքորոշում ցուցադրեց, եւ հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասաց մեր զրուցակիցը: Արմեն Մարտիրոսյանը նաեւ այն կարծիքին է, որ «Ազատ դեմոկրատների» հետ հարաբերությունների այս հստակեցումը կվերականգնի «Ժառանգության» այն ընտրողներին, որոնց, ըստ որոշ վերլուծությունների, կորցրել էր կուսակցությունը հենց միասնական ցուցակի պատճառով:

Մեր դիտարկմանը, որ ժամանակին ՀԱԿ-ն էր «Ժառանգությանը» մեղադրում իշխանությունների հետ համագործակցության մեջ, այժմ` ՀԱԿ նախկին անդամը, ով «Ժառանգության» ցուցակով է պատգամավոր, Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Դա ընդամենը քաղաքական սեւ PR-ի շրջանակներից է եւ կարճաժամկետ էֆեկտ է միշտ ունենում: Գործնականում որեւէ մեկը չի կարող մեղադրել «Ժառանգությանը»: Այդ իրենք էին, որ գնացին իշխանության հետ երկխոսության` առանց հասարակության տրամադրությունները հաշվի առնելու, առավել եւս, որ պարզ էր, թե այն ինչի շուրջ է եղել եւ ինչ էր ակնկալվում: Չստացվեց: Գնացին ԲՀԿ-ի հետ երկխոսության: Ո՞վ է խոսում այդ մասին, ո՞ւր է «Ժառանգությանը» մեղադրելու հիմքը: Բամբասանքներով զբաղվելը պատիվ չի բերում որեւէ քաղաքական գործչի»:

Այնուհանդերձ, երբ միասնական ցուցակն էր հաստատվում, որտեղ «Ժառանգության» նախկին խմբակցությունից մեկ-երկուսն էին անցողիկ տեղերում, արդեն ակնհայտ էր, որ փոշիանալու է այն ողջ ներուժը, որը խմբակցության նախկին անդամները ստեղծել էին քաղաքական բավականին կարճ ժամանակահատվածում` մեծածավալ աշխատանք կատարելով` «Առավոտի» այս դիտարկմանը Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե` ռիսկային էր, եւ այդ խնդիրը կուսակցականների շրջանում բավականին քննարկվել է: Խորհրդի նիստի ժամանակ ինքս էլ բավականին խոսել եմ այդ ցուցակի հետ կապված: Այնուհանդերձ, մենք ոչ մեկ անգամ ենք ցույց տվել, որ պատրաստ ենք հասարակական շահն ամբողջովին սպասարկելու, միասնական քայլեր կատարելու` առկա խնդիրները լուծելու համար: Սա է եղել նպատակը, ոչ թե «Ժառանգության» տոկոսների իջեցումը խորհրդարանում եւ ռեսուրսների փոշիացումը: Իսկ խմբակցության աշխատանքները գնահատելու ժամանակ դեռ կունենանք: Կուսակցությունն էլ իր դիրքերում ամբողջովին մնացել է»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031