Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նույնիսկ խնդրել եմ, որ «Ժառանգության» պատգամավորներն ավելի առաջնային տեղերում լինեն»

Հոկտեմբեր 24,2012 13:56

Խաչատուր Քոքոբելյանը որոշ փակագծեր է բացում

Նախօրեին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը եւ Զարուհի Փոստանջյանը հայտարարեցին, որ բացի մանդատը վայր դնելու պայմանավորվածությունից՝ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը «այլ պայմանավորվածություններ» էլ է խախտել, եւ, ըստ էության, ինքն իրեն դուրս է դրել խմբակցության աշխատանքներից: Ի դեպ, խմբակցության պատգամավորներին վրդովեցրել է նաեւ այն, որ իրենք, իբր, միեւնույն խմբակցության անդամներ՝ տեղյակ չեն եղել Քոքոբելյանի` ԱՄՆ կատարելիք այցի մասին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Խաչատուր Քոքոբելյանը «շատ ծիծաղելի» համարեց իր գործընկերների կողմից նման հարցապնդումները. «Իմ` ԱՄՆ մեկնելն առաջին անգամ կապված է եղել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարին մասնակցություն ունենալու հրավերով, իսկ երկրորդ անգամ` խիստ անձնական` առողջական վիճակի հետ կապված, ինչի մասին ոչ միայն խմբակցության անդամները, այլ նաեւ հանրությունն է տեղյակ եղել»: Իսկ «բոլոր նրանց համար, ովքեր չեն ուզում հասկանալ կամ ընդունել»` Քոքոբելյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ մանդատը վայր դնելու մասին պայմանավորվածություն չի եղել. «Մայիսի 13-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության որոշումով հստակ տրվել է բոլոր նմանատիպ` մանդատների վերաձեւավորման կամ վերախմբավորման հարցերի պատասխանները: Դա հրապարակվել է մամուլում, բոլորը գիտեին այդ մասին: Բայց կա մեկ այլ ակնհայտ իրողություն. ինչպե՞ս եք պատկերացնում, որ որեւիցե քաղաքական ուժի ղեկավար գնա ընտրությունների` հիմքում ունենալով, որ ինքն ընտրություններից հետո պետք է իր մանդատը վայր դնի, ոչ իր քաղաքական ուժի, այդ թվում նաեւ՝ իր համար միգուցե անծանոթ մարդու համար, ով իր փոխարեն պետք է գա խորհրդարան, քանի որ խոսք էր գնում երիտասարդների մասին: Ակնհայտ է, որ դա շինծու հարց է, եւ էլեմենտար, տրամաբանական մի քանի հարցերից հետո ցանկացած մարդ կարող է հասկանալ, որ նման բան չէր կարող լինել»: Քոքոբելյանը պնդում է, որ իրենց կողմից որեւիցե պայմանավորվածություն չի խախտվել. «Մենք երբեւիցե չենք պայմանավորվել, որ ընտրություններից հետո՝ հենց հաջորդ օրը, պետք է ինքնաբացարկի դիմումներ կորզենք մեր թիմակիցներից կամ վերցնել ինքնակամ: Դա խորթ է մեր գործելակերպին, ինչի համար էլ եղել է մայիսի 13-ի վարչության որոշումը: Պայմանավորվածություններ չեն եղել, որ ընտրություններից հետո պետք է այլ տրամադրություններով առաջնորդվենք եւ փորձենք սրբագրել կամ նորովի խմբագրել ներկայացված ցուցակը, ինչը, բնականաբար, դուր չէր գա նաեւ ցուցակում ընդգրկվածներին»: Թե ո՞վ է ինքնաբացարկների գաղափարն առաջարկել՝ մեր հարցին պարոն Քոքոբելյանը նկատեց, որ յուրաքանչյուր թիմում կուսակցության ղեկավարը կարող էր նման հարց առաջ քաշել. «Այն հարցերը, որոնց պատասխանները ես չէ, որ պետք է տամ, նպատակահարմար չեմ գտնում պատասխանել: Բայց, կարծում եմ, մեր վարչության որոշումով տվել ենք այդ հարցերի պատասխանները. մենք դեմ ենք, որ իրեն ժողովրդավարական հռչակած ուժը նման գործընթացների մեջ մտնի»: Քոքոբելյանն ասում է, որ ի սկզբանե քննարկումներ եղել են, որ միասնական ցուցակում հանրային սեկտորը ներկայացված լինի, եւ իրենք դա ճիշտ մոտեցում են համարում: Մանրամասնում է, որ այդ առիթով իրենց ներկայացրած առաջարկները չեն ընդունվել, մինչդեռ իր կողմից նշված անձինք բավականին հայտնի են, թեեւ անունները չի հրապարակում. «Ցուցակում ընդգրկված հանրային սեկտորի ներկայացուցիչների դեմ ոչինչ չունեմ, խորը հարգանքով եմ վերաբերվում բոլորին, բայց ես նրանցից ոչ մեկին բացարձակապես չեմ ճանաչել: Այդ մարդկանց անուններն իմացել եմ ցուցակները հանձնելուց բառացիորեն երկու օր առաջ: Մինչ այդ այլ անուններ էին հնչեցվում, եւ ես, վստահելով Րաֆֆի Հովհաննիսյանին, միայն հետաքրքրվել եմ, թե ով ինչ մասնագիտություն ունի եւ որ սոցիալական խումբն է ներկայացրել: Այլ տեղեկությունների մասին ես ականջալուր եմ եղել մամուլից, ինչպես հանրությունը»:

Երիտասարդներին` խորհրդարան տանելու առիթով էլ Քոքոբելյանը հակընդդեմ հարցով է հանդես գալիս. «Ո՞վ էր խանգարում մեզ, այդ թվում նաեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այդ երիտասարդներին առաջ մղելու եւ ոչ թե` ետ: Բարոյական չեմ համարում եւ այսուհետ չեմ անդրադառնալու այս հարցերին, բայց մեկ անգամ պետք է ասեմ` ես բազմիցս պնդել եմ, որ մենք շատ կարեւորում ենք «Ժառանգության» վաստակ ունեցող եւ ակտիվ պատգամավորների` առաջնային տեղերում լինելու խնդիրը: Ամեն մեկս պատասխանատու ենք եղել մեր կուսակցությունների ցուցակի համար` թե՛ մեր ներկայացրած մարդկանց հերթականության առումով, թե՛ ցուցակում նրանց ընդգրկված լինելու հանգամանքով, թեեւ ամբողջական ցուցակի համար էլ բոլորս պետք է պատասխանատու լինենք: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, այդ հարցերի պատասխանները ես չէ, որ պետք է տամ: Ես նույնիսկ խնդրել եմ, որ «Ժառանգության» պատգամավորներն ավելի առաջնային տեղերում լինեն: Ենթադրենք` ես ոչ խնդրել եմ, այլ պնդել եմ հակառակը: Ո՞վ էր խանգարում, որ այդ մարդիկ լինեին առաջնային տեղերում: Թող հնչեցվի այդ հարցերի պատասխանները, եւ չփորձեն երբեւիցե իրենց մեղքերն ուրիշների վրա բարդել, իրենց քաղաքական անհաջողությունները եւ ծրագրերի տապալումները թող փնտրեն այլ տեղեր: Տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հնչող հարցերի պատասխանները, կարծում եմ, ձեւախեղվում են: Յուրաքանչյուրս մեր փոխարեն` թե քաղաքական պատասխանատվության, թե զուտ մարդկային-ընկերական հարաբերությունների շրջանակներում, կարծում եմ՝ պարտավոր ենք այս հարցերի պատասխանները հնչեցնել: Իմ մասով ես այսօր էլ պատասխանատվություն եմ կրում: Ցավում եմ եւ ափսոսում, որ տեղի ունեցավ այս ամենը, որովհետեւ այս ամենի արդյունքում տուժեցին երկու քաղաքական ուժերը ու այն ընտրողը, որը հույսեր էր կապել այդ միասնության հետ: Այս ամենն ինձ ինչ-որ տեղ հիշեցնում է հայտնի հայկական ֆիլմը` «Տժվժիկը»: Բայց սա զուտ քաղաքական գործընթաց է, եւ բոլորին խորհուրդ եմ տալիս այս հարցերին մոտենալ զուտ քաղաքական տեսանկյունից: Ես չեմ ցանկանում իջնել այլ մակարդակի` անձնական խնդիրների անդրադառնալ կամ նույնիսկ վիրավորանքներ հնչեցնել, որովհետեւ ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես ցանկացած մարդու ցանկացած պարագայում իր ճիշտ պատասխանն իր ճիշտ տեղում կտամ: Որեւիցե մարդու, այդ թվում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ես որեւիցե անձնական խնդիր չունեմ եւ անձնական տիրույթում որեւէ հարց չեմ դիտարկում: Խմբակցության նիստի քվեարկության արդյունքները, կարծում եմ՝ փոքր վերլուծության դեպքում պարզ ցույց են տալիս, թե ով եւ ինչ դիրքորոշում կամ մասնակցություն է ունեցել այս ողջ գործընթացում: Ի դեպ, խմբակցության նիստի մասին ես տեղեկացել եմ շատ ուշ` նիստը սկսվելուց մի քանի րոպե առաջ»: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը 3 «կողմ» եւ մեկ «դեմ» արդյունքով որոշեց, որ Քոքոբելյանն այլեւս չի կարող ներկայացնել խմբակցության տեսակետը: Ինքը` Քոքոբելյանը, չի մասնակցել քվեարկությանը` «կոռեկտությունից» ելնելով:

Խաչատուր Քոքոբելյանը չի ցանկանում հեռահար կանխատեսումներ անել, բայց նկատում է, որ առաջիկա նախագահական ընտրություններին նախորդող քաղաքական վերադասավորումներն ու զարգացումները ցույց կտան, թե ում եւ ինչ նպատակներով ձեռնտու չէր «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միասնական գործունեությունը. «Միգուցե նաեւ այլ ազդեցությունների արդյունքում ձեւավորվեց այս մթնոլորտը: Ես չեմ ուզում հեռահար կանխատեսումներ անել: Ինձ համար շատ հստակ է, թե ինչ եւ ինչու է տեղի ունեցել: Այդ մասին ես կգերադասեի չխոսել: Շատ կարճ ժամանակահատվածում հասարակության համար պարզ կդառնա, թե ով ուր է գնում կամ ինչ նպատակ է հետապնդում»: Մեր զրուցակիցն այնքան միամիտ չէ, որ կարծի, թե «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միավորումը կարող է հակակշիռ լինել ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին, բայց լավատես է եւ պրագմատիկ. «Մեր միավորումը կարող էր խթան հանդիսանալ նոր եւ քաղաքական դաշտում առկա ուժերի ի հայտ գալուն եւ հանրային ընկալման մեջ արմատավորելու ազատական, մրցունակ եւ ժողովրդավարական դաշտի ձեւավորումը: Մենք հիմա էլ հետամուտ ենք լինելու այդ խնդիրների լուծմանը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031