Ըստ Ն․Զոհրաբյանի՝ որոշակի առաջընթաց կար, եւ չի կարող զարգացող երկրում առաջընթաց չլինել։
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հոկտեմբերի 22-ին հրավիրած մամլո ասուլիսում ուշագրավ հայտարարություն էր արել. «Հայաստանում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները նախորդ բոլոր ընտրությունների համեմատ ավելի ժողովրդավարական են անցել»:
Ի՞նչ գնահատական կտան միջազգային դիտորդները մի քանի ամիս անց՝ նախագահական ընտրություններին, եթե քաղաքական այլընտրանք հանդիսացող ուժերը մեկ-երկու պաշտոնական հայտարարություն տարածելով՝ համակերպվեն նաեւ այդ ընտրությունների արդյունքների հետ… Պատասխանը թերեւս պարզ է՝ հազիվ թե առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականները տարբերվեն ԱԺ ընտրությունների տեսակետից:
Կարդացեք նաև
Ըստ էության ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը լրացրել է մի քանի օր առաջ Բուխարեստում ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի հավաստիացումները։ «Հայաստանի իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ՝ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները»,- նշել էր Ս. Սարգսյանը եւ հիշատակել միջազգային դիտորդների գնահատականը ԱԺ վերջին ընտրությունների վերաբերյալ՝ դրանք անկախության հռչակումից ի վեր լավագույնը անվանելով։ «Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում եւ առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ։ Այդ նպատակով ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացություններն ու առաջարկները»,- ասել էր Ս. Սարգսյանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն իրեն համարում է այլընտրանքային ուժ, իսկ ամիսներ առաջ մաս էր կազմում Միասնական շտաբին, ընտրությունները վերահսկելու գործընթացին էր հետամուտ եղել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն խմբակցության քարտուղար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին երեկ «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչպե՞ս է բացատրում միջազգային կառույցների կողմից նման դրական տեսակետը խորհրդարանական վերջին ընտրությունների վերաբերյալ։ Թե ինչով է պայմանավորված նման գնահատականը՝ պետք է հարցնել անձամբ Սորոկինին, ասաց տիկին Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն իր գնահատականը ԱԺ ընտրությունների վերաբերյալ տվել է Միասնական շտաբի հայտարարության մեջ: Այնուհետեւ Ն. Զոհրաբյանը իր անձնական տեսակետը հնչեցրեց. «Ուղղակիորեն ընտրակեղծարարության մեթոդներն էին շատ ավելի «ցիվիլ», այսինքն՝ լցոնումներին, դիտորդներ ծեծելուն, դիտորդներ առեւանգելուն, կարուսելներին փոխարինելու եկան շատ ավելի «ցիվիլ» մեթոդներ, եւ եթե դա բավարար է՝ Սորոկինին կամ միջազգային որեւէ այլ կառույցի ղեկավարարին հայտարարելու, որ լավագույն ընտրություններն էին, ես, իհարկե, ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց։ Իհարկե, որոշակի հարցերում որոշակի առաջընթաց կար, դա ակնհայտ է, եւ դա այդպես էլ պետք է լիներ, չի կարող զարգացող երկրում առաջընթաց չլինել։ Բայց հայտարարել, որ մենք անցկացրել ենք լավագույն ընտրությունները, գիտեք, ես մարդկանց այն թվին չեմ պատկանում, որոնք ընտրությունը կատարում են վատի եւ վատագույնի միջեւ։ Ես ցանկանում եմ, որ մեր երկրում լինեն իրապես նորմալ, ժողովրդավարական ընտրություններ»։
Բայց չէ՞ որ ԲՀԿ-ին ուղղված քննադատություն նույնպես հնչել է նախընտրական շրջանում՝ կապված այն հանգամանքի հետ, որ այս կուսակցությունը բարեգործություն է իրականացրել՝ ակնկալելով հասարակության ձայնը, հարցրինք ԲՀԿ խմբակցության քարտուղարին։ «Մենք դրան պատասխանել ենք, եւ ես հարկ չեմ համարում նորից կրկնել այն, ինչին մենք պատասխանել ենք»,- նկատեց Ն. Զոհրաբյանը:
«Առավոտ»-ի հարցին՝ գուցե միջազգային կառույցների դրական գնահատականները պայմանավորված են նաեւ նրանով, որ ընդդիմադիր ուժերը հետընտրական շրջանում չվիճարկեցի՞ն ընտրությունների արդյունքները, ընտրությունների բողոքարկման հասարակական ալիք չբարձրացավ, կարծես բոլորը հաշտվեցին արդյունքների հետ, հետեւաբար սա է՞լ է որոշակի գործոն հանդիսացել։ Տիկին Զոհրաբյանը չհամաձայնեց մեր դիտարկման հետ. «Ես դրանով չէի պայմանավորի։ Այն քաղաքական ուժերը, որոնք իրենց վերապահումը ունեցել են ընտրությունների վերաբերյալ՝ արտահայտել են»։
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը «Առավոտ»- հետ զրույցում երկակի ստանդարտների կիրառում որակեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ա. Սորոկինի հայտարարությունը։ «Մեր հասարակության ոչ դրական աշխատանքի պատճառով է նաեւ այսպիսի իրավիճակ ստեղծվել: Իհարկե, քաղաքական կազմակերպություններն ունեն մեծ դերակատարություն՝ ղեկավարելու բողոքները, բայց դա միայն նրանց կողմից չպետք է իրականացվի, մեր հասարակությունը պետք է ավելի անհանդուրժող լինի ցանկացած կեղծարարության, իրավունքի ոտնահարման նկատմամբ: Միշտ գալիս է մի պահ, երբ մեր հասարակությունը արտահայտում է իր բողոքի ձայնը՝ հատկապես համապետական ընտրությունների ընթացքում լիարժեք ակտիվություն է դրսեւորում»,- նշեց նա։
Զ. Փոստանջյանը նշեց, որ վերջերս ԵԽԽՎ-ում զեկույց ընդունվեց, որտեղ հստակ նշվել է, որ ընտրակեղծիքները տեղի են ունենում ոչ թե ընտրությունների օրը, ընտրատարածքում, այլ ավելի վաղ, այսինքն՝ մարդիկ, ովքեր ՀՀ-ից դուրս են գտնվում, չեն կարողանում իրացնել իրենց ընտրական քվեն։ «Մեզ մոտ կեղծարարությունը տեղի ունեցավ, երբ կազմվեցին ընտրողների ցուցակները, որտեղ ընդգրկված էին ՀՀ-ում չբնակվող քաղաքացիները։ Այսինքն՝ կեղծարարությունը տեղի ունեցավ մինչեւ ընտրությունները ։ Այո, եթե համեմատենք նախորդ ընտրությունների հետ, երբ ընտրատեղամասերից գողանում էին վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին, նրանց նկատմամբ բռնություն էին կիրառում, գողանում էին քվեատուփերը, լցոնումներ էին կատարում, գուցե ավելի ժողովրդավարական էին այս ընտրությունները, բայց ընտրակեղծիքների գործիքները ավելի կատարելագործվում են, հիմա ավելի կատարյալ մեխանիզմներ են օգտագործվում։ Միգուցե համեմատության մեջ անցյալ ընտրությունները լավագույնն էին եւ առաջընթաց է, բայց քսան տարվա մեջ դրանք ամենավատագույն ընտրություններից մեկն էին»:
Մտավախություն չունե՞ք, որ նախագահական ընտրություններին էլ այս մեթոդները կկիրառվեն, եւ միջազգային կառույցները հանդես կգան լավատեսական նման գնահատականներով՝ հարցրինք Զ․Փոստանջյանին։ «Իհարկե, ունենք մտավախություններ, գիտակցում ենք, թե ինչպիսի քաղաքական շահեր են հետապնդում գերտերությունները։ Ամենակարեւորը, սակայն, այն է, որ մեր հասարակությունը պետք է կազմակերպվի եւ գրագետ պահանջ ներկայացնի գործող կեղծարար իշխանավորներին, ասելով՝ հաջողություն, այլեւս այսպիսի իշխանությունների ծառայություններից մենք հրաժարվում ենք։ Սա միայն քաղաքական ուժերի խնդիրը չէ, սա մեր ողջ հասարակության խնդիրն է»,-նկատեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:
Էմմա Գաբրիելյան
«Առավոտ» օրաթերթ