Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ բառից կախված չենք

Հոկտեմբեր 24,2012 13:42

Երկու շաբաթ հետո Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունները, որքան հասկանում եմ, հայերի մեծ մասի համար հետաքրքիր են այնքանով, որքանով Օբաման կամ Ռոմնին ապրիլի 24-ին կարտասանեն կամ չեն արտասանի «ցեղասպանություն» բառը: Հակված եմ մտածելու, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը  այս բառը չեն ասի: Բայց եթե նույնիսկ ասեն, ապա դա հաստատ չի նշանակի, որ ԱՄՆ նախագահը շատ է սիրում հայերին կամ նրա ուշքը գնում է «պատմական արդարության» համար: Դա պարզապես կնշանակի, որ իրենց պետության եւ Թուրքիայի միջեւ լուրջ խնդիր է առաջացել, եւ «ցեղասպանություն» բառը, ինչպես նաեւ «հայկական հարցն» ընդհանրապես այդ խաղում գործիքներից մեկի դերն է խաղում: Առնվազն 150 տարի այդպես էր, ինչո՞ւ այդպես չպիտի լինի հիմա:

Այն, որ «արտասանել-չարտասանելու» հարցը մեր քաղաքական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնում, իր հերթին խոսում է այն մասին, որ հայկական քաղաքական միտքը նույն 150 տարվա ընթացքում ընկած է հուզականության եւ ռոմանտիզմի գիրկը, եւ սակավ բացառությունները միայն հաստատում են այդ օրինաչափությունը: Իրականում մեր՝ հայաստանցիներիս եւ, հավանաբար, նաեւ մնացած հայերի առօրյա կյանքը  «ցեղասպանություն» բառից չի կախված՝ ով էլ այն արտասանի:

Բայց ասել, թե մեզ համար բացարձակապես միեւնույն  է, թե ով է դառնալու ԱՄՆ նախագահ, նույնպես սխալ կլինի: Մասնավորապես, զարգացումները մեր տարածաշրջանում եւ այդ թվում Հայաստանի ներսում կախված են Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններից: Իսկ այստեղ Օբամայի եւ Ռոմնիի տեսակետները տարբեր են՝ հանրապետական թեկնածուն այս հարցում շատ ավելի կարծր դիրքորոշում ունի: Վկան՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ վերջին բանավեճը, որտեղ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը նշեց, որ Ռուսաստանն իր երկրի աշխարհաքաղաքական հակառակորդն է: «Ես վարդագույն աչքերով չեմ նայի Ռուսաստանին կամ պարոն Պուտինին: Եվ հաստատ չեմ ասի, որ ընտրություններից հետո կկարողանամ ցուցաբերել ավելի մեծ ճկունություն: Ընտրություններից հետո նա կստանա առավել կարծրություն»,- հայտարարել է Ռոմնին:  Դրան Օբաման իրավացիորեն հակադարձել է, որ նման մոտեցումն, ըստ  էության, վերադարձ է 80-ական թվականների քաղաքականությանը:

Ինձ թվում է՝ ակնհայտ է. որքան սրված են երկու գերտերությունների հարաբերությունները, այնքան վատ մեզ համար՝ որովհետեւ այնքան շատ են Հարավային Կովկասի փոքր երկրներին փորձելու «քաշքշել» այս կամ այն կողմը: Հետեւաբար, մեզ, կարծում եմ, ձեռնտու կլինի, որ Օբաման վերընտրվի:

Ոմանց, հավանաբար, կարող է ոգեւորել այն, որ Ռոմնին ավելի ուժգին է քննադատելու պուտինյան հակաժողովրդավարական ռեժիմը: Բայց ո՞վ ասաց, որ այդ քննադատությունն անկեղծ է: Սաուդյան Արաբիայում ավելի վատ ռեժիմ է, բայց ես չեմ լսել, որ ԱՄՆ որեւէ նախագահ այն քննադատի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031