«Կարեւոր է լայն հասարակությանը իրազեկել եւ տեղեկացնել կենտրոնի մասին: Պրոյեկտը կենդանի օրգանիզմի նման աճող ու տքնաջան աշխատանք պահանջող է, կլինեն փոքր-ինչ թերություններ: Ինչ որ ներկայացվում է՝ կատարյալ չէ, հնարավոր է լինեն տառասխալներ, որոնք ընթացքում կշտկվեն»,-այսօր ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված՝ հայերենի եւ հայագիտության ինտերնետային կենտրոնի գործունեության վերաբերյալ ասուլիսի ժամանակ նշեց Սփյուռքի նախարարության տեղեկատվության հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ կենտրոնը նախաձեռնվել է առանց որեւէ օժանդակության, առանց որեւէ պատվերի՝ նախաձեռնող խմբի եւ դասախոս եղբայրների կողմից: Կենտրոնը իր գործառույթները 2009 թ.-ից սկսած մինչեւ այժմ հասցրել է 12-ի. «Մեծ նշանակություն կա հայապահպանության խնդիրը լուծելու գործում: Սփյուռքում տարեց-տարի ավելանում է լեզվի պահպանության եւ ազգապահպանության խնդիրները: Հուսով ենք, որ կենտրոնը ծանրակշիռ ավանդ կբերի հայապահպանության խնդիրը լուծելու գործում: Այն ունի ուսուցողական մեծ նշանակություն, դա ենթադրվում է այցելությունների քանակով»:
Կարդացեք նաև
Պարոն Վարդանյանը նաեւ նշեց Կենտրոնի նպատակները.«1. Նպաստել հայոց լեզվի պահպանմանը եւ նրա ուսուցման գործընթացին (հատկապես Սփյուռքում), 2. Հայերենով մատչելի դարձնել օտարալեզու ինֆորմացիան 3. Օժանդակել հայերենով վարվող մասնագիտական ուսուցման գործընթացին»:
Տեղեկացնենք, որ Կենտրոնը մատուցում է 12 ծառայություն՝ Արեւելահայերեն-արեւմտահայերեն-անգլերեն լեզուների միջեւ իմաստային թարգմանություններ, բազմալեզու թարգմանչական բացատրական բառարան, որտեղ ներռաված են հայերեն-85000 բառ, անգլերեն-98000 բառ, արեւմտահայերեն- 50000 բառ, ռուսերեն-35000 բառ, լատիներեն-6000 բառ, գրաբար-2000 բառ, հայերեն նախադասությունների քերկանական վերլուծում, հայերեն տեքստերի ուղղագրական սխալների սրբագրում, ներդրված այբբենարան, հայերեն հանրագիտարան, նպաստում է օգտվողի հայոց լեզվի բառապաշարի հարստացումը, բուհերի ուսանողների համար ուսումնական պորտալ, հայագիտության նյութերի տրամադրում եւ նման բովանդակություն ունեցող այլ կայքերի կապակցում, ագենտ ծրագիր, կենտրոնի ինտերնետային կայքը ներկայացնող պատուհանի տրամադրում ցանկացած այլ ինտերնետային կայքում տեղադրելու համար, ինտերնետային միջավայրում աշխատող խմբագրիչ:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել Translatior.am կայքը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ