Երգիչ Մայքլ Քոթանջյանին չենք տեսնում ու չենք լսում, միայն վերջերս նրան նկատեցինք «Իմ սրտի մայրաքաղաք» տեսահոլովակում։ Իսկ թե ուր է եւ ինչով է զբաղվում, ինչի հետ է կապված նրա լռությունը, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ստացանք հենց Մայքլից։
– Հիշում եմ, տարիներ առաջ, երբ Նոր էիք սկսում երգել, ասում էին՝ դե բնական է, բա հայրը Ռաֆայել Քոթանջյանն է, իհարկե, տղան էլ պետք է բեմ դուրս գա, երգի։ Ձեզ հաճա՞խ են հասնում նմանատիպ խոսակցություններ։
– Ես արել եմ այն, ինչ հոգեհարազատ է եղել ինձ, սակայն չանտեսելով իմ կարգավիճակը, քանի որ իմ նկատմամբ ավելի բծախնդիր են եղել։ Նա, ով չունի ճանաչված հայրիկ կամ մայրիկ, պահանջներն էլ նրանց նկատմամբ այդքան մեծ չեն։ Ինձ նայելիս ասում են՝ վա՜յ, Ռաֆայել Քոթանջյանի տղան է, այսինքն՝ անունն արդեն պարտավորեցնող է, կա որոշակի նշաձող, որից ցածր չի կարելի անել։ Դրա համար էլ հանդիսատեսն ինձանից ավելին է պահանջում։ Ինչ վերաբերում է հայրիկի օգնությանը, նրա խորհուրդները բավական են եղել, առաջին քննադատս հենց հայրս է եղել։
– Ինչպիսի՞ խորհուրդներ է նա տվել։
– Սովորաբար նա նայում է որպես հանդիսատես, կարող է ինչ-որ բառ դուրը չգա, ասի՝ փոխի՛ր այս բառը, կամ այս հատվածը մի քիչ սիրուն չէ։ Նրա կարծիքը հաշվի է առնվում։ Նույնը եւ հակառակն է լինում, երբ հայրիկը բեմադրություն է անում, ամբողջ ընտանիքով մասնակցում ենք, քննարկում, խորհուրդներ տալիս։
– Դուք այնպիսի երգեր եք կատարում, որոնք մեր շոու բիզնեսում այդքան էլ հայտնի չեն։
– Հայաստանում շոու բիզնես չկա, այդ ամենը սահմանափակվում է հարսանիքներով ու խնջույքներով, արդյոք դա է շոու բիզնեսը։ Հնարավոր է՝ տարիներ հետո ինչ-որ բաներ փոխվեն, բայց հիմա ցավով պետք է նշեմ, որ ապրում ենք սփյուռքում ունեցած ելույթների հաշվին։ Շատ քչերն են այսօր կարողանում Երեւանում համերգներ դնել, իսկ եթե անում են, անում են իրենց ռեյտինգի համար, հաստատ գումարներ չեն վաստակում։
– Բայց չէ՞ որ կան երգիչներ, որոնք խնջույքներին շատ ավելի են վաստակում։
– Դե դա եմ ասում, դրանից դուրս չեն կարողանում գումար վաստակել, դրա համար էլ ստեղծվում են 6/8 ոճի երգեր, բայց ես դա շոու բիզնես չեմ կարող համարել։
– Դուք խնջույքներին ելույթ չե՞ք ունենում։
– Ո՛չ, մի անգամ է եղել, այն էլ ԱՄՆ-ում։ Ես փորձում եմ զերծ մնալ այդ տեսակ հավաքույթներից, վատ չեմ նայում, հասկանում եմ, որ վիճակից դրդված են գնում, բայց ինքս չեմ մասնակցում։
– Եթե որեւէ ակումբում կամ ռեստորանում չեք աշխատում, այդ դեպքում ինչպե՞ս եք գումար վաստակում։
– Օրինակ՝ ամբողջ ամառ ես երգել եմ «Հաղթանակ» այգու բեմահարթակում: Ուզում եմ լինի հանդիսատես։ Ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ երգի։ Կարող է նախընտրես քիչ վաստակել, բայց բեմահարթակ լինի, ու քեզ ավելի լավ զգաս:
Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Ժողովուրդ»