Այսօր Երևանում անցկացվում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումներին նվիրված գիտական հերթական վեհաժողովը, որին մասնակցում են Անոթային առողջության միջազգային ասոցիացիայի հիմնադիր և փոխնախագահ Ռոլանդ Ասմարը, Սեղվիե ֆրանսիական ընկերության գիտական և բժշկական ծրագրերի տնօրեն Ֆրանսուա Կամյուն և բժշկական փորձագետ Ժերար Թոփուջյանը։ Ֆրանսիայից ժամանած մասնագետները երեկ երեկոյան հյուրընկալվեցին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ։
Ողջունելով հյուրերին, նախարարն իր գոհունակությունը հայտնեց հայ մասնագետների հետ երկար տարիների համագործակցության համար։ Դերենիկ Դումանյանը կարևորեց, որ նախարարության համար առաջնահերթություն հանդիսացող ուղղությունները համահունչ են թե Անոթային առողջության միջազգային ասոցիացիայի, թե Սեղվիե ֆրանսիական ընկերության առջև ծառացած խնդիրների հետ։ Տեղեկացրեց, որ եկող տարվանից Հայաստանում պետական ծրագրով կիրականացվեն սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ։ Նախարարը ներկայացրեց նաև ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում նախանշվող ծրագրերը։
Ռոլանդ Ասմարը նշեց, որ Անոթային առողջության միջազգային ասոցիացիայի նպատակն է հետազոտություններ իրականացնել սիրտ-անոթային համակարգի անոթների տարբեր հիվանդությունների հայտնաբերման և ախտահարումների բացահատայտման նպատակով։ Այս ուղղությամբ համագործակցում են հայ մասնագետների հետ։
Ֆրանսուա Կամյուն ներկայացրեց, որ Սեղվիե անկախ դեղագործական ընկերությունն արդեն երկար տարիներ հայ բժիշկների համար բազմաթիվ ուսուցողական և կրթական ծրագրեր է իրականացնում սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, նյարդաբանության, հոգեբուժության ոլորտներում, աջակցում է մասնագետների վերապատրաստման, կլինիկական հետազոտությունների իրականացմանը։
Ժերար Թոփուջյանը կարևորեց ինչպես հայ մասնագետների ակտիվ մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, այնպես էլ աշխարհի առաջատար փորձի ներդրումը։
Հանդիպման ընթացքում կարևորվեց հետագա համագործակցության ընդլայնումը։ Ֆրանսիացի հյուրերը պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում ևս աջակցել Հայաստանի առողջապահական տարբեր ծրագրերի իրականացմանը։ Քանի որ նախարարը կարևորեց նաև ուռուցքաբանության ոլորտը, Ֆրանսուա Կամյուն տեղեկացրեց, որ Սեղվիեն ամերիկյան մի շարք լաբորատորիաների հետ հետազոտություններ է սկսում ուռուցքաբանության ասպարեզում նոր դեղամիջոցների հետազոտման և հայտնաբերման ուղղությամբ և չբացառեց առաջիկայում այդ ոլորտում ևս համագործակցելու հավանականությունը։
ՀՀ առողջապահության նախարարություն