Մեկ-երկու ամիս է Հայաստանի կառավարությունը, նախագահի անմիջական վերահսկողությամբ փորձում է տնտեսական բարեփոխումներ իրականացնել՝ պայքարելով ստվերի, բյուջետային չարաշահումների եւ այլ արատավոր երեւույթների դեմ:
Aravot.am-ի հարցին՝ հետեւո՞ւմ եք այդ ընթացքին եւ ի՞նչ տպավորություններ ունեք, Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ասաց. «Այո, դա նաեւ կառավարության ծրագիրն է, որը ներկայացվեց մի քանի ամիս առաջ, ընտրություններից անմիջապես հետո: Ուշադիր ուսումնասիրել ենք եւ ուրախ ենք նշել, որ ծրագրում արտացոլված հիմնական նպատակները ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրերով նախատեսված հիմնական ուղղություններին համահունչ են: Պետական կառույցների կարողությունների բարելավումը, առավել արդյունավետ գործունեությունը այն գերակա ուղղություններից են, որոնք հիմնովին գիտակցվում են եւ որոնց օժանդակում է ՄԱԿ-ը»:
Իբրեւ երկրորդ առաջնահերթություն, տիկին Գերչեւան նշում է արդյունաբերական զարգացումն ու արտաքին առեւտրի խթանումը, որոնք նույնպես շատ կարեւոր են բնակչության կենսամակարդակի բարձրացման համար: «Երրորդը ժողովրդավարության ամրապնդումը եւ մարդու իրավունքների ու ազատությունների ապահովումն է, որը նույնպես եվրոպական քաղաքականության հիմնական ուղղություններից է եւ Հայաստանը լիովին հավատարիմ է մնում դրան»,- հայտարարեց տիկին Գերչեւան:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ