Առաջիկա նախագահական ընտրություններում որոշ անսպասելի լուծումներ են հնարավոր: Նման լուծում չի բացառում նաեւ դաշնակցությունը։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
– Պարոն Ռուստամյան, դեռ ամռան սկզբին մեր զրույցում ասել էիք, որ բանակցություններ են ընթանում ընդդիմադիր դաշտում՝ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմադիր միասնական ճակատով հանդես գալու, կառավարման համակարգը փոխելու շուրջ։ Ինչի՞ են հանգեցրել այդ բանակցությունները։
– Այդպիսի բանակցություններ՝ ինտենսիվ հանդիպումների տրամաբանությամբ, տեղի չեն ունենում, որովհետեւ կարծում ենք, որ դեռ այդպիսի իրավիճակ չէ։ Շատ հստակ է, որ ստեղծված այս վիճակը, որում երկիրն է հայտնվել, անհրաժեշտ են այն քայլերը, որոնց մասին մենք խոսել ենք ԱԺ ընտրությունների ժամանակ։ Հիմա ի մի կբերենք եւ կներկայացնենք մեր պլատֆորմը։ Եւ սա, մեր խորին համոզմամբ, պետք է համարվի այն պլատֆորմը, որը կարող է միավորել ընդդիմադիր զանգվածը։ Եթե այդ գաղափարը չհամաձայնեցվեց, շատ դժվար է լինելու մտածել, որ ընդհանրապես հնարավոր կլինի միասնական ճակատով հանդես գալ նախագահական ընտրություններում, որովհետեւ շատ բարդ խնդիր ունենք այսօր, որը պետք է հաղթահարենք, որպեսզի մասնակցությունն ընտրություններին իմաստ ունենա։ Դրա համար պետք է առաջանա հնարավորություն, որ ընտրությունները դառնան միջոց՝ իշխանությունը փոխելու։ Եթե իշխանափոխության միջոց չեն, այլ միջոցառում, որը իշխանության վերարտադրման նպատակ է հետապնդում, այդ ֆոնի վրա մեր ընտրազանգվածն արդեն շատ փոքրացել է, էլ ավելի փոքրանա, եւ մեր քաղաքացիների մյուս մասն էլ սա դիտի իրենց 1 շաբաթվա, 10 օրվա հարցերը լուծելու կենցաղային հնարավորություն, շատ լուրջ հարց է առաջանում՝ ընդհանրապես այս ընտրությունների իմաստը որն է:
Կարդացեք նաև
– Այսինքն, հնարավոր է, որոշի ընդհանրապես չմասնակցե՞լ ընտրություններին։
– Եթե մեր գնահատումներն իսկապես մեզ համոզեցին, որ այդ իմաստը գոյություն չունի, մենք չենք բացառում, որ ամենաանսպասելի որոշումների էլ կայացվեն, այդ խնդիրը մենք հիմա լրջորեն քննարկում ենք բոլոր առումներով։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ գաղափարը, որը միավորող կարող է հանդիսանալ, դառնա բոլորի համար ընդունելի, որովհետեւ այդ դեպքում է հնարավոր մեծացնել ընտրողների մոտ հավատը, որ սա կարող է մրցակցային ընտրություն լինել եւ հանգեցնել իշխանափոխության։ Այդ քննարկումները, ինչ հնարավոր է, մենք կանենք, հետո ՀՅԴ Գերագույն ժողովը եղած պատկերի վրա դեկտեմբերին իր որոշումը կկայացնի՝ ինչ անել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»