Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան ավարտում է Հայաստանում իր առաքելությունը: Այդ առիթով այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում տիկին Գերչեւան հանդիպեց լրագրողների հետ: Ի դեպ, այսօր նաեւ ՄԱԿ-ի գործունեության 67-րդ տարեդարձն է, իսկ այս տարի լրանում է ՄԱԿ-ի եւ Հայաստանի հարաբերությունների 20-ամյակը: Ամփոփելով ՄԱԿ-ի 20-ամյա գործունեությունը Հայաստանում՝ բանախոսը նկատեց, որ սկզբում հիմնական ուշադրությունը սեւեռված էր մարդասիրական օգնությունների վրա, այնուհետեւ Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրումի կնքումից հետո՝ հետաճգնաժամային իրավիճակի շտկմանը, իսկ 2005-ից սկսած՝ ՄԱԿ-ը Հայաստանում իրականացնում է զարգացման ծրագրեր եւ օժանդակում մեր երկրի ժողովրդավարացմանը, Եվրոպական միության հետ հարաբերությունների սերտացմանը:
Տիկին Գերչեւան նշեց, որ 2007-ին Հայաստանն իր դասակարգմամբ արդեն միջին եկամտային պետություն էր համարվում, մինչդեռ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում 2009-ին Հայաստանի տնտեսության ծավալների 15 տոկոս կրճատում եղավ, իսկ 2010թ. պաշտոնական տվյալներով արդեն, Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին աղքատության շեմին է: Իբրեւ գերակա ուշադրության արժանի ճյուղեր՝ տիկին Գերչեւան նշում է սոցիալական անհամամասնությունը, բիզնեսի համար բարենպաստ պայմանների բացակայությունը, տնտեսության կախվածությունը մեկ կամ մի քանի ոլորտից, արտահանման խթանի բացակայությունը:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի մշտական համակարգողը Հայաստանից հեռանում է հիանալի հուշերով, նրան դուր է եկել հատկապես մեր հարուստ բնությունը: Նա հույս ունի, որ Հայաստան կվերադառնա արդեն իբրեւ զբոսաշրջիկ, քանի որ 2013-ի հունվարից եվրոպական պետությունների քաղաքացիների համար մուտքի վիզա չի պահանջվելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ