«Այս մեկ տարվա ընթացքում աննախադեպ բարելավում ենք ունեցել։ 184 երկրների շարքում զբաղեցնում ենք 32-րդ տեղը։ Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, բայց մենք դեռեւս առաջընթացի լուրջ տեղ ունենք, եւ մեր աշխատանքները պետք է ուղղված լինեն Հայաստանի դիրքի հետագա բարելավմանը»։
Երեկ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանից ստանալով լուրն այն մասին, որ համաշխարհային բանկի Doing Business–2013 վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով եւ հայտնվել 32-րդ հորիզոնականում։ Դրա մասին վարչապետը, իբր, տեղեկացավ իր գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստում։ Հիմա ընթերցողը կհարցնի թե այդ ինչի հիման վրա են ՀԲ-ում եզրակացրել, որ գործարարությամբ զբաղվելը ՀՀ-ում, պատկերավոր ասած, հեշտացել է 18 միավորով։ Այդ աղյուսակում որեւէ երկրի դիրքը որոշելու համար ՀԲ-ի փորձագետները հաշվարկում են մի քանի ենթացուցիչ։ ՀՀ վարկանիշը բարձրացել է, օրինակ, «ներդրողների պաշտպանություն» ենթացուցիչի՝ 73 կետով բարձրանալու շնորհիվ։ Եւ ուրեմն, ինչի՞ց են ՀԲ-ում եզրակացրել, որ մեզանում ներդրողների պաշտպանությունը բարելավվել է: Սա միամիտ հարց է: Դրանում համոզվելու համար բառացի մեջբերենք ՀԲ փորձագետների մեկնաբանությունը, որը զետեղված է ՀԲ-ի կայքում։ Հիմա ուշադիր ընթերցեք այդ մեջբերումն ամբողջությամբ. «Հայաստանն ամրապնդել է ներդրողների պաշտպանության գործընթացը փոխկապակցված անձանց միջեւ գործարքների համար բաժնետերերից թույլտվություն ստանալու պահանջ մտցնելով, պահանջելով ավելի շատ տեղեկատվություն զետեղել տարեկան հաշվետվություններում այդպիսի գործարքների մասին, ավելի պարզ դարձնելով տնօրենին դատի տալու ընթացակարգը, երբ այդպիսի գործարքները հանդիսանում են կործանարար»։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու։ ՀԲ-ում համոզված են, որ Հայաստանում իրականում կան բաժնետիրական ընկերություններ, որոնք ունեն բաժնետերեր, որոնց հետ ինչ-որ բան պետք է համաձայնեցնեն, որ կարողանան տնօրենին դատի տալ, քանի որ նա փոխկապակցված ինչ-որ անձանց հետ կարող է գործարք կնքել, որը կարող է կործանարար լինել եւ այլն, եւ այսպես շարունակ։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»