1967 թ. հիմնադրվել է Իջեւանի բենտոնիտ կոմբինատը: Բենտոնիտի փոշու վերամշակման ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը: Հայաստանի անկախացումից հետո, Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության է մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Հայաստանի «Սփյուռ» տեղեկատուում գործարանի աշխատողների թվաքանակի վերաբերյալ նշված է` 51-ից մինչեւ 250:
«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ փոխտնօրեն Ալեքսան Գարդինյանը հայտնեց,որ գործարանն այժմ ունի 80-85 աշխատող: Փոխտնօրենն ասաց, որ իրենց մոտ փորձարկման գործընթացներ են կատարվում, որ գործարանը քիչ-քիչ սկսում է աշխատել: Գործարանի փոխտնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, թե «Բենտոնիտի» արտադրական հոսքագծերից մեկը նախկինում վաճառվել է վրացիներին եւ հետո տեղադրվել Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղում մի քանի տարի առաջ կառուցված բենտոնիտի գործարանում: Նա ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի եւ խորհուրդ տվեց դիմել տնօրեն Գագիկ Մահտեսյանին: Վերջինս հրաժարվեց հեռախոսով տեղեկություններ տալ; Նշենք, որ սեփականաշնորհումից հետո «Բենտոնիտը» մի քանի սեփականատեր է փոխել, որոնց ղեկավարման ժամանակ գործարանից մեծ քանակի գույք է օտարվել: Այս տարվա հուլիսի 4-ին Իջեւանում կայացել է «աշխատանքի տոնավաճառ», ուր «Բենտոնիտ» ԲԲԸ-ն ներկայացրել է 26 թափուր աշխատատեղի հայտ: Զբաղվածության Իջեւանի կենտրոնից տեղեկացա, որ տոնավաճառից ավելի քան երեքուկես ամիս անց հայտի 26 աշխատատեղից միայն մեկն է համալրվել, ձեռնարկությունն էքսկավատորավար է ընդունել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ