Երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էր Հայաստանում նվազագույն աշխատավարձը 2 հազար 500 դրամով ավելացնելու մասին օրինագիծը, որի արդյունքում նվազագույն աշխատավարձը կկազմի 35 հազար դրամ, մենք փորձեցինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից պարզել, թե քանի օր կապրեին 35 հազար դրամով։ ՀՀԿ-ականները, սակայն, մեր հարցը լսելով՝ կամ արագ հեռանում էին, կամ, հումորի վերածելով, նետում, թե կփորձեն, նոր կասեն։ ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանը, ով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերներից է եւ բավականին ապահովված, մեր հարցը լսելով՝ նախ քմծիծաղ տվեց, ապա, երկար դադար վերցնելուց հետո, պատասխանեց.
– Դժվարանում եմ ասել, իսկապես դժվարանում եմ։
– Մոտավորապես։
– Չգիտեմ, պիտի մտածեմ, վաղը որ գաք, ես այստեղ եմ՝ կասեմ։
Կարդացեք նաև
– Մեկ ամիս կապրե՞ք։
– Շաաատ դժվար։
– Կապրե՞ք մեկ ամիս։
– …Ավելի լավ է 35 հազար դոլարով ապրեմ:
– Այսինքն Դուք եւս խելամիտ չեք համարում մեր պայմաններում այդ գումարի չափը։
– Դե, բարձրացնում է կառավարությունը, խոստացել է եւ բարձրացնում է։
– Այս պահի դրությամբ, մեր պայմանների առկա գնաճի եւ այլնի, եւ այլնի…
– Մենք, որ շատ հարուստ երկիր չենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, կառավարությունն ի՞նչ անի։
– Բայց, ի տարբերություն շատ երկրների, այստեղ անտրամաբանական թանկացումներ են լինում, եւ մենք շատ թանկ երկիր ենք։
– Այո, խնդիրներ կան։
Մեկ այլ ՀՀԿ-ական՝ փուչիկագործ Կարեն Ավագյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի բյուջեից հատկացումները սահմաևափակել, ասել է թե՝ բյուջեն խնայել, ինչպես իրենք արեցին փուչիկներ գնելիս, փոխարենը բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Ավագյանը վրդովվեց, նեղսրտեց, թե ինքը հազար անգամ խոսել է այդ մասին եւ ասել, որ փուչիկների գործով ինքը որեւէ պատասխանատվություն չի կրում։
– Լավ, Դուք 35 հազար դրամով քանի՞ օր կապրեք։
– Ես ուզում եմ ասել, որ 35 հազարը նվազագույն աշխատավարձն է, եւ դրանից ներքեւ անթույլատրելի է, բայց դա չի նշանակում, որ 35 հազար դրամ է լինելու այդ աշխատավարձը։
– Նախարարն էլ հավաստեց, որ շատերն են այդ աշխատավարձը ստանում։
– Այսինքն Դուք մտածում եք, որ մեկ դրույքով հիմնական ստավկա աշխատող մարդն այդքան, թե համատեղ… Իրականում մեր մինիմալ աշխատավարձը տարիների ընթացքում որոշակի աճ է ապրում, բնականաբար, չլուծելով այն բոլոր խնդիրները, որը որ կա, բայց այդ աճը չնկատելը մեկ ուրիշ ծայրահեղություն է։ Եթե մենք խոսում ենք բյուջեի այսօրվա հնարավորությունների մասին, իհարկե, սա բարձրացում կարելի է համարել։
– Լավ, Դուք նույն «հիմնավորումներն» եք ներկայացնելու, ինչ մյուս ՀՀԿ-ականներն են անում։ Բայց խնդրում եմ հստակ պատասխանել՝ 35 հազար դրամով Դուք քանի՞ օր կկարողանաք ապրել։
– Չեմ փորձել, փորձեմ՝ ասեմ։
– Մոտավորապես… կամ գուցե մի քանի կամ մի ժամ։
– Չէ, ես մեկ ժամում հաստատ դժվարանամ ծախսել այդքան։
– Բյուջեի հնարավորությունից եք խոսում, բայց նույն այդ բյուջեից պետական պաշտոնյաներին հատկացված ծառայողական մեքենաները մի քանի միլիոն են կազմում։
– …Ներկայացուցչական ծախսերը չպետք է խառնել այլ ծախսերի հետ։ Դուք ինքներդ շատ վատ կզգաք, երբ որոշակի քաղաքական քննարկումների ժամանակ մեր շենքային եւ աշխատանքային պայմանները չհամապատասխանեն։
– Կոստյո՞ւմն է Ձեզ գեղեցկացնում, կամ՝ ի՞նչ է նշանակում մեքենաներն եք ցուցադրում։
– Ոչ, բայց եթե պատկերացնեք… քո ներկայացուցչական վիճակը չի համապատասխանում այն քննարկումներին, այն գործընթացներին, որի մեջ դու կաս։
– Իսկ այդ քննարկումներում Դուք Ձեզ որքա՞ն ամուր եւ արժանապատիվ եք զգում՝ իմանալով, որ հետեւում սոված ժողովուրդ կա։
– Չէ, Դուք ծայրահեղացնում եք հիմա, իհարկե, կան խնդիրներ, հենց մենք ենք բարձրաձայնում եւ փորձում լուծել խնդիրները։ Բոլոր հատկացումներն ու խնդիրները կարեւոր են, եւ չպետք է դա խառնել։
«Հրապարակ»