«Քաղաքական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել են «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունը, այն մասին, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանելու են գործող նախագահին»,- այսօր խորհրդարանում` կառավարությանն հետ հարցուպատասխանին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրագրողները վարչապետից հետաքրքրվել էին` հնարավոր համարո՞ւմ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով եւ ո՞ւմ է տեսնում այդ դերում վարչապետ Սարգսյանը` Գագիկ Ծառուկյանի՞ն, թե՞ Վարդան Օսկանյանին: Արդյո՞ք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հնարավոր է նոր հուշագրի ստորագրումը` մինչեւ նախագահական ընտրություններ:
Լրագրողների դիտարկմանը` ԲՀԿ-ական գործիչները հայտարարում են որ մատնանշված փաստաթուղթն ուժը կորցրած է, որովետեւ ԲՀԿ-ն այլեւս իշխանական կոալիցիայի մաս չի կազմում, վարչապետը հակադարձեց. «Ես պարոն Ծառուկյանից այդպիսի հայտարարություն չեմ լսել»:
Հնարավոր հետագա զարգացումներին վերաբերվող լրագրողների բոլոր հարցերին վարչապետը մեկ պատասխան ուներ. «Այո, ես ոչինչ չեմ բացառում, որովհետեւ երբ կմոտենան ընտրությունները, բնականաբար կհստակեցվի, թե ովքեր են ցանկանում մասնակցել այդ ընտրություններին եւ իհարկե, ոչ մի բան այս պահի դրությամբ չեմ բացառում, որ կարող են լինել նոր համաձայնագրեր, նոր հուշագրեր, որտեղ կֆիքսվի, թե քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում պետք է ունենան ընտրությունների ժամանակ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև