Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը իր պարտության մեջ Վարդան Ղուկասյանին չի մեղադրում

Հոկտեմբեր 23,2012 22:56

ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի`  Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո  թիվ 35 ընտրատարածքը, որն ընդգրկում է Գյումրու Նորավան թաղամասը, գարեջրի գործարանի հատվածն ու Ախուրյանի բոլոր գյուղերը, մնաց առանց պատգամավորի: Այժմ Բալասանյանի նախկին տեղի համար պայքարում են 2 թեկնածուներ` « Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական  Արման Սահակյանը և Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Նշենք, որ վերջիններս   մեծամասնական ընտրակարգով մրցում  էին նաև Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում, որտեղ և երկուստեք  պարտվեցին ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Թեև այդ օրվանից  կես ամիս է անցել, սակայն գյումրեցիները շարունակում են քննարկել Սերժ Սարգսյանի փեսայի  ընկերոջ`  Արման Սահակյանի պարտության  թեման` այս հարցում մեղավոր ճանաչելով  այն ժամանակվա Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Հիշեցնենք, որ վերջինս  գլխավորում էր նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը և ըստ էության նրան էր վստահված  «Շիրակ » ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջը ԱԺ ընտրությունների ժամանակ սատարելը:

Ըստ գյումրեցիների` Արման Սահակյանը առանց ավելորդ միջամտության,  իր ուժերով   կընտրվեր ԱԺ պատգամավոր, եթե Վարդան Ղուկասյանը նրա ճանապարհին ստվեր չգցեր, և  թեկնածուի PR –ը չօգտագործեր ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ իր անձնական հաշիվները պարզելու համար: Երեկ «Առավոտ»-ը Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է արդյոք գյումրեցիների այս կարծիքը , և ո՞րն է  կրկին  իր թեկնածությունը առաջադրելու նպատակը: «Նախորդ ընտրություններին ես  Գյումրիից 14 հազար ձայն էի հավաքել  և  ինձ վստահած մարդկանց առջև պատասխանատվություն ունեմ, ուզում եմ նրանց սպասելիքները արդարացնել: Օգտվելով առիթից, որ թիվ 35 ընտրատարածքում արտահերթ ընտրություններ էին հայտարարված,  ես նորից առաջադրեցի  իմ թեկնածությունը», պարզաբանեց մեր զրուցակիցը: Իսկ մայիսի 6-ի  իր պարտության մեջ տեսնո՞ւմ է Վարդան Ղուկասյանի մեղքը,  Արման Սահակյանն այսպես պատասխանեց . «Կարծում եմ, ոչ հարազատ քաղաքում 14 հազար ձայն հավաքած ցանկացած մարդ  պետք է հպարտ լինի, չեմ համարում պարտություն, այլ  համարում եմ հաղթանակ: Իսկ  պարտության հիմնական պատճառը  Հանրապետական կուսակցության թույլ դիրքերն էին Գյումրիում, եթե թվերը նայեք, իմ մրցակիցը հավաքել էր  համարյա այնքան ձայն, որքան իր կուսակցությունն է հավաքել, ես հավաքել եմ 14 հազար ձայն, իսկ Հանրապետական կուսակցությունը` 8 հազար:Սա հենց առաջին ապացույցն է , որ ես ինչ-որ չափով ընդունվեցի գյումրեցիների կողմից, որովհետև  ինձ ոչ միայն Հանրապետական կուսակցության ձայներն էին եկել, նաև այլ ձայներ, իրականում ես դրանից շատ լավ եմ զգում, և շատ պատասխանատու, ես նորից եմ կրկնում` 14 հազար ձայնը համարում եմ շատ մեծ հաղթանակ: Եվ մի մոռացեք, որ ես իմ թեկնածությունը առաջադրել էի գործող պատգամավորի դեմ, ով,    իմ կարծիքով, բավականին հաջող է, եթե օբյեկտիվ խոսենք, ապա Հանրապետական կուսակցության դիրքերն էին այդ պահին թույլ Գյումրիում»:

Մեր զրուցակցի կարծիքով, այժմ իր շանսերը շատ  ավելի մեծ են, և  պատճառն այն է, որ  իր մրցակիցների ցանկում  գործող պատգամավոր չկա: Իսկ ՀԱԿ Գյումրու համակարգողին համարո՞ւմ է իրեն  լուրջ  մրցակից: «Ցանկացած մրցակից իր ձևի մեջ, ըստ  երևույթին,  լուրջ է, անձնապես չեմ ճանաչում Մուրադ Գրիգորյանին, թեև անցած ընտրություններին էլ իր թեկնածությունը  առաջադրել էր, ՀԱԿ-ը լուրջ քաղաքական ուժ է, ո՞վ կարող է ասել, թե լուրջ չէ, իրենց թեկնածուն է , կպայքարենք,  կերևա»:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը ինչպե՞ս  է մեկնաբանում  ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի այն հայտարարությանը, թե իրենք թիվ 35 ընտրատարածքում  թեկնածու չեն առաջադրի, քանի որ  այնտեղ արդեն իսկ կա նշանակված պատգամավոր  և նրա անուն-ազգանունը Արման Սահակյան է: «Շատ մարդիկ շատ տեղերում շատ բաներ են խոսում, իրականում չես կարող  բոլորին պատասխանել, բայց,   իմ կարծիքով, դրանք դատարկ խոսակցություններ են , ի՞նչ է նշանակում նշանակովի , առաջադրվում է Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը ասենք որոշում է չառաջադրվել, նշանակովին ո՞րն է»:

Դեռևս նախորդ ընտրությունների  ժամանակ Արման Սահակյանը գիրք էր հեղինակել ու  տպագրել  Գյումրու զարգացման հեռանկարների մասին, այժմ նա թեկնածություն  է առաջադրել այնպիսի մի ընտրատարածքում, որը Գյումրուց բացի ընդգրկում է  նաև մի շարք գյուղական համայնքներ: Մենք թեկնածուից հետաքրքրվեցինք, հասցրե՞լ է   մշակել   գյուղերի զարգացման  ծրագիր ևս: «Ես նախորդ ընտրություններին էլ էի ասում, որ իրականում  ինձ թիվ  34 ընտրատարածքը հարմար է. ինչո՞ւ, որովհետև խնդիրները ավելի կոնկրետ  էին, հիմա ընտրատարածքը ավելի բարդ է, մի մասը Գյումրին է, մյուս մասը գյուղերն են, անկեղծ  որ լինեմ դեռ գյուղական խնդիրների ուսումնասիրության շրջանում եմ, բայց 10-20 օրից որոշակի ծրագիր կունենամ, իսկ Գյումրիի մասով մրցակցային ու լավ ծրագիր ունենք, կփորձենք իրագործել: Գյումրու խնդիրները շատ խորն են , մեկ-երկու   գործարաններ  ստեղծելով`  խնդիրը չի լուծվի, ինստիտուցիոնալ լուծումներ են պետք Գյումրիում, ես իմ գրքում այդ մասին շարադրել եմ: Հիշո՞ւմ եք, ես գրում էի օդանավակայանի մասին, շատ մարդիկ ավել-պակաս խոսում էին, ասում էի, որ Գյումրու օդանավակայանը կարելի է դարձնել էժան ավիափոխադրումների միջոց, այսօր Քութայիս-Կիև ինքնաթիռի տոմս են վաճառում Երևանից, որն արժե 24 հազար դրամ:Մարդիկ կան, որոնք Վրաստանի երկրորդ քաղաքից  էժան գներով թռնում են, ուզում եմ ասել այդպիսի սիստեմային լուծումներ են պետք Գյումրիին»:

Մեր վերջին հարցին էլ, թե հնարավո՞ր է  ԲՀԿ-ական Մարտուն  Գրիգորյանը սատարի Արման Սահակյանին.  չէ՞ որ երկուսն էլ Գյումրու զարգացումն են ուզում, ավելին ԲՀԿ-ական պատգամավորը  վերջերս Yerkir.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքը և Արման Սահակյանը թշնամիներ  չեն, և եթե նա ընտրվի,  խնդիր չի տեսնում Ազգային ժողովում նրա հետ աշխատելու ու համագործակցելու, քանի որ նույն մարզն են ներկայացնելու, նույն տեղանքի խնդիրներն են բարձրաձայնելու, Արման Սահակյանն ասաց. «Մեր մեջ որևէ հանդիպում  չի եղել, բայց ես  ողջունում եմ նման դիրքորոշումը,  կարծում եմ եթե ցանկացած քաղաքի, ցանկացած մարզի պատգամավորներ  միմյանց հետ լավ աշխատեն,   կշահի միայն կոնկրետ ռեգիոնը , միակ լուծումը դա է. բոլորը բոլորի հետ աշխատեն և առանց թշնամանքի վերաբերվեն, որպեսզի փակուղու մեջ չհայտնվեն»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031