Այսօր ֆրանսիական պատվիրակության ղեկավարները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ներկայացրեցին ֆրանսիական Citռs Unies France կազմակերպության՝ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության ծրագրերը:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ասաց, որ պատվիրակության այցը հետապնդում է երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել խորացնելու նպատակ. «Երկու տարի առաջ Երեւանում գումարվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության առաջին ժողովը, որը զարգացման որոշակի ծրագրեր մշակեց: Եկել է ժամանակն արձանագրելու, թե դրանցից որոնք են կատարվել եւ ինչ անելիքներ կան առաջիկայում: Հաջորդ տարի համագումարը տեղի կունենա արդեն Ֆրանսիայում»:
Դեսպանը հավելեց, որ պատվիրակությունը գլխավորել են Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեվիյոնը և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը։
Իվ Ռեվիյոնը հայտնեց, որ Citռs Unies France կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի ավելի քան 3000 համայնքներ և համակարգում վերջիններիս ապակենտրոնացված համագործակցությունը տարբեր երկրների հետ. «Հայաստանի հետ երկխոսությունը թույլ է տալիս կարծիքներ փոխանակել տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով եւ համագործակցության նոր եզրեր հաստատել: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի` պետական մակարդակով որդեգրած քաղաքականության շարունակությունն է, այս անգամ` տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Դեպարտամենտի գլխավոր խորհուրդը 2008թ-ից ի վեր չորս միլիոն դոլարի ներդրում է կատարել Հայաստանի ագրոարդյունաբերության ոլորտում: Դա Հայաստանին հնարավորություն է տվել Տավուշի մարզում ավելացնել 1500 հեկտար գյուղատնտեսական նշանակության ոռոգվող ցանքատարածություններ, ինչպես նաեւ` բարելավել գյուղմթերքի որակը: Այստեղի լոլիկը տասն անգամ ավելի համեղ է Ֆրանսիայի լոլիկից: Բացի այդ, Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործում է բավական պատշաճ անասնաֆերմա, որտեղ կա ութսուն գլուխ խոշոր եղջերավոր ցեղական անասուն` իրենց հորթուկներով»:
Կարդացեք նաև
Ռեվիյոնը հավելեց, որ առաջիկայում Տավուշի մարզպետի հետ նախատեսվում է ստորագրել փոխգործակցության նոր համաձայնագիր:
Անդրադառնալով Ֆրանսիայում կազմակերպվելիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին` Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը նշեց, որ օրակարգում ներառված կլինեն ոչ միայն գյուղատնտեսության զարգացման, այլեւ` զբոսաշրջության եւ ֆրանկոֆոնիայի խթանման ծրագրեր. «Հայաստանը վերջերս ստացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամի կարգավիճակ, հետեւաբար` մենք պետք է լծվենք ֆրանկոֆոնիայի տարածման առաքելությանը: Բացի այդ, զարգացման ծրագրեր են մշակվելու նաեւ մշակութակրթական ոլորտում»:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այսօր այցելել է Երևանի թիվ 48 միջնակարգ երկլեզվյա դպրոց. «Այն նպաստում է ֆրանկոֆոնիայի զարգացմանը, ինչը կարեւոր փաստ է»: Իվ Ռեվիյոնը հավելեց, որ հիացած է դպրոցում դասավանդողների նվիրվածությամբ. «Կցանկանայի նույնը տեսնել նաեւ Ֆրանսիայում»:
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ