«Որպես տանտիկին՝ չե՞ք ասի, ի՞նչ է հնարավոր անել 35000 դրամով, ինչպե՞ս է հնարավոր գոյատեւել 1 ամիս»,-այսօր Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Իհարկե, դժվար է ապրել: Իհարկե, շատ կուզենայինք, որ ավելի բարձր լիներ»: Մեր դիտարկմանը, որ դժվարն այն խոսքը չէ, դա նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղից էլ պակաս գումար է, նա պատասխանեց. «Գիտեք, հաշվարկներ են արվել ֆինանսների նախարարությունում, կառավարությունում: Մենք չենք կարող այնքան մեծացնել բյուջեն, որ կարողանանք այդ բոլոր ծախսերն իրականացնել, ինչպես ուզում ենք: Բայց այս դանդաղ, բայց հետեւողական բարձրացումների արդյունքում երեւի թե ինչ-որ ժամանակ հետո ավելի լավ կլինի»:
Մեր հարցին՝ հնարավոր չէ՞ր այն շքեղություններն ուղղակի չանել, օրինակ այն Toyota Camry-ները, որոնք բյուջեից ԱԺ-ն գնել է պատգամավորների համար, չէ՞ որ կարելի է այդպես քիչ-քիչ խնայողություններ անել, բայց տալ սպառողական զամբյուղին համապատասխան աշխատավարձ՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Այդպես կոնկրետանալ ինչ-որ մի…ես ինքս գիտեմ, որ ԱԺ-ն չի շռայլում ինչ-որ գումար: Եթե դուք գտնում եք, որ մեքենաները, որոնք պետք է տրամադրվեն ԱԺ-ին կամ կառավարության պաշտոնյաներին՝ չպիտի արվի, դա այլ հարց է: ԱԺ-ում շատ տնտեսող քաղաքականություն է վարվում եւ որեւէ շքեղ մեքենա վերջերս ձեռք չի բերվել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ատկատներն է՞լ հնարավոր չէր կրճատել ու խնայողություն անել՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ աշխատանքները շատ տեմպով առաջ են գնում»: Հարցին՝ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելն այն առավելագո՞ւյնն էր, որ կարելի էր անել, ըստ Ձեզ՝ ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Բնական է, որ մենք էլ ենք շատ ցանկանում, որ ոչ թե 2500-ով բարձրանա, այլ կրկնապատկվի, եռապատկվի: Բայց այն, ինչ թույլ է տալիս այսօր մեր բյուջեն, այդ շրջանակներում ենք կարողանում բարձրացնել»:
Իսկ թե ե՞րբ հնարավոր կլինի նվազագույն զամբյուղին նվազագույն աշխատավարձը գոնե հավասարեցնել՝ Կարինե Աժեմյանն ասաց. «Ծրագրով 5 տարվա ժամկետում պիտի կրկնապատկվի: Եթե այս տարիների ընթացքում այնպես արվի, որ գնաճի տեմպը չավելանա, այնպես արվի, որ մեր բյուջեն ավելի շատ հարկերով լցվի, իհարկե, ամեն ինչ հնարավոր է անել, եթե հետեւողական աշխատանք տարվի: Բայց այս պահին մեզ մեղադրել երեւի թե այնքան էլ նպատակահարմար չի, որովհետեւ ով էլ լիներ այսօր կառավարությունում, չէր կարողանա շատ բարձր տարբերությամբ փոփոխություն կատարել»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք` չե՞ք ասի որպես տանտիկին ամսական ինչքա՞ն գումար եք ծախսում պարենային ամենաանհրաժեշտ ապրանքների ձեռքբերման համար: Տիկին Աճեմյանը պատասխանեց. «Ես երբեք չեմ հաշվում, որովհետեւ մեր ընտանիքը շատ մեծ չի, ես էլ շատ տնտեսող եմ, ու ինձ մոտ ստացվում է: Այնպես չի, որ մենք ինչ-որ այդ գումարը շատ ունեցել ենք, կամ հիմա էլ ունենք: Մենք էլ ենք աշխատավարձով ապրում: Ընտանեկան բյուջեի մեջ տեղավորվում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ