Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի պետ Վլադիմիր Սերգեևը ՄԱԿ-ում հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան մի շարք պետությունների ավելի քան 20 մլրդ դոլարի հասնող պարտքը: Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանը 50 մլն դոլարի նվիրատվություն է արել Համաշխարհային Բանկի՝ աղքատ երկրների զարգացման ֆոնդին: Ռուսաստանը նաև «Զարգացում՝ պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում պայմանագրեր է ստորագրել Զամբիայի և Տանզանիայի հետ, որոնց համաձայն դուրս գրված պարտքերի գումարները կօգտագործվեն այդ երկրների զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար: Նախատեսվում է նմանատիպ համաձայնագրեր ստորագրել նաև Բելիզի, Մոզամբիկի և Եթովպիայի հետ:
Վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս է գրել 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք Ղրղզստանի պետական պարտքը: Մինչ այդ Ռուսաստանը և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը համաձայնագիր են ստորագրել հյուսիսկորեացիների 11 մլրդ դոլարի հասնող պարտքը դուրս գրելու մասին:
Նշենք, որ 2000թ. Ռուսաստանը դուրս էր գրել Վիետնամի 10 մլրդ դոլլարի պարտքը, 2005թ. հունվարին Բաշար Ասադի Մոսկվա կատարած այցի արդյունքում ՌԴ-ն դուրս է գրել Սիրիայի պետական պարտքի մոտ 75%-ը, ինչը կազմել է 10 մլրդ ԱՄՆ դոլար:
2007թ. Ռուսաստանը դուրս է գրել Աֆղանստանի 11 մլրդ դոլարի պարտքը, 2008թ. փետրվարին դուրս է գրել Իրաքի 12 մլրդ դոլարի պարտքը, նույն 2008թ. ապրիլին դուրս է գրվել Լիբիայի 4.5 մլրդ դոլարի պարտքը, իսկ 2010թ. դուրս է գրվել Մոնղոլիայի պարտքի 97.8%-ը, ինչը կազմել է 11.1 մլրդ դոլար:
Այսպիսով, 2000թ.-ից սկսած Ռուսաստանի կողմից դուրս գրված պարտքերի թիվը կազմում է 100 մլրդ ԱՄՆ դոլար:
Ինչպես տեսնում եք, մեր պատկերացումներով՝ ահռելի պարտքերի մեծ մասը պարզապես ներվել է կամ կիրառվել է «Զարգացում՝ պարտքի դիմաց» բանաձևը:
Այս վիճակակագրության ֆոնին բավական տարակուսելի է, որ մեր դարավոր բարեկամ և արդի ամենակարևոր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ոչ միայն երբևէ չի դուրս գրել մեր պարտքը, այլև մեր նկատմամբ կիրառել է «Գույք՝ պարտքի դիմաց» նվաստացուցիչ բանաձևը:
Դիմում եմ ԱԺ մեծամասնությանը, որ այսպիսի եռանդով պաշտպանում է իր իսկ նշանակած կառավարության ծրագրիրը և որ նախանձելի պատրաստակամությամբ պաշտպանում է ՌԴ շահերին վերաբերող ցանկացած համաձայնագիր կամ օրենսդրական նախաձեռնություն: Հետամուտ եղեք այս կենսական խնդրի լուծմանը և հանձնարարեք ձեր կառավարությանը բանակցություններ սկսել մեր կարևորագույն ռազմավարական գործընկերների հետ՝ ՀՀ պարտքը դուրս գրելու, կամ գոնե դրա երկուստեք ընդունելի, մեր արժանապատվությունը չնսեմացնող ռեստրուկտուրիզացիայի ուղղությամբ:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն