Լրահոս
Օրվա լրահոսը

Գայլերի հարձակումների դեմ միայնակ. ՀՀ կառավարությունը փոխհատուցման համար միջոցներ չի տրամադրում գյուղացուն

Հոկտեմբեր 23,2012 20:18

Լոռու մարզպետարանի տվյալներով այս տարվա  9 ամիսների ընթացքում մարզում արձանագրված գայլերի հարձակման վնասի չափը 3 միլիոն 940 հազար դրամ է:

Թեեւ ամեն տարի գյուղացիական տնտեսությունները ենթարկվում են գայլերի հարձակման ու արդյունքում կրում վնասներ, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը չի շտապում գյուղացու կրած վնասների համար փոխհատուցում տրամադրել:

Լոռու մարզում այս տարի գրանցվել է գայլերի հարձակման երեք դեպք: Արդյունքում մարզի Ջրաշեն, Արջուտ եւ Լուսաղբյուր համայնքների բնակիչներն ընդհանուր առմամբ կորցրել են 55 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ոչխարներ ու գառներ:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ արձանագրված 55 կորուստը չի արտացոլում դրության իրական պատկերը:

«Մարդիկ միշտ չէ, որ տեղեկացնում են մեզ գայլերի հարձակման դեպքերի մասին, համայնքապետերն էլ լռում են շատ հաճախ: Ուրիշ ճանապարհներով ենք տեղեկանում: Այդ իսկ պատճառով այդ թվերն էլ չեն արտացոլում իրական պատկերը: Իրականում ավելի շատ են»:

Նա կարծիք է հայտնում, որ դեպքերի մասին չտեղեկացնելու պատճառը նաեւ ֆինանսական փոխհատուցում չստանալն է:

«Պետությունը փոխհատուցում չի տրամադրում: Հավանաբար գիտեն, որ փոխհատուցում չեն ստանալու, այդ պատճառով էլ չեն տեղեկացնում»,-գայլերի հարձակման մասին համայնքների բնակիչների ու համայնքապետերի տեղեկատվություն տրամադրելու  պասիվության պատճառների վերաբերյալ իր կարծիքն է հայտնում Արմեն Գասպարյանը:

Իրավիճակը շտկելու եւ գայլերի հարձակումների դեմ արդյունավետ պայքար մղելու համար էլ վերջերս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի  առաջարկությամբ շրջաբերական նամակներ են ուղարկվել մարզի համայնքներ` ցանկացողներին ներգրավելու որսորդմիության շարքերը:

«Այն մարդիկ, ովքեր կցանկանան եւ կհամապատասխանեն որսորդ լինելու չափանիշներին, նրանց կտրամադրվեն որսորդական զենքեր`ավելի մեծ մասշտաբներով պայքարելու համար գայլերի հարձակումների դեմ»,-տեղեկացնում է առաջատար մասնագետը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031