«Առավոտ»-ը տեղեկացրել է, որ 76-ամյա Ռոզա Դավթյանի որդին մի քանի իր եւ անձնագիրը դնելով մոր պայուսակը՝ Էջմիածնից տաքսիով ճանապարհել է Կապան, որից հետո հրաժարվել տիրություն անել:
Ձախ ազդրի կոտրվածքով՝ Ռոզա տատիկին սեպտեմբերի 23-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք, որտեղ նա մինչեւ հոկտեմբերի 5-ը ստացել է համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել: Սակայն դուրս գրվելուց հետո ոչ մեկը Ռոզա Դավթյանին տուն տանելու չի եկել եւ գնալու տեղ չլինելու պատճառով Ռոզա տատիկը շարունակել է մնալ հիվանդանոցում:
Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի խոսքով` հիվանդին դուրս գրելուց մեկ օր առաջ` հոկտեմբերի 4-ին, ինքը զանգահարել է որդուն եւ տեղյակ պահել մոր դուրսգրման մասին, սակայն վերջինս ասել է, որ մայր չունի, ինչպես ուզում են, թող վարվեն հետը:
Բուժանձնակազմը միայնակ կնոջը դուրսգրման օրվանից` հոկտեմբերի 5-ից հետո էլ շարունակել է հիվանդանոցում պահել եւ խնամել նրան: «Ռոզա Դավթյանի որդին մորը Կապանի հոգեբուժարան էր ուղարկել, բայց այնտեղ տեսելով, որ կնոջ ոտքը վնասված է` տեղափոխել են մեզ մոտ եւ այստեղ համապատասխան բուժօգնություն ենք տրամադրել Ռոզա Դավթյանին: Սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 23-ը` 30 օր մեր բաժանմունքում է մնացել, հիվանդի հետեւից եկող չի եղել, եւ դուրսգրման օրվանից հետո էլ` 18 օր շարունակել ենք խնամել, կերակրել նրան: Բայց Ռոզա տատը դեռ լուրջ խնամքի կարիք ունի, ձախ ազդրի վնասվածքի լրիվ վերականգնման համար 120 օր է պետք, եւ այդ ամբողջ ընթացքում նրան լուրջ խնամք է հարկավոր, առավելեւս, երբ անկողնային կարգավիճակում է», – նշեց բժիշկ Աթաջանյանը:
Երկար ժամանակ տեղում հնարավոր չէր լինում լուծել Ռոզա տատին այլ հաստատությունում տեղավորելու խնդիրը, տարբեր կառույցներում ինչ-ինչ պատճառաբանություններ էին բերում, հրաժարվում օգնել կամ լուծել որդիների կողմից (մյուս որդին էլ Ռուսաստանում է) լքված մորը հաստատություններից մեկում տեղավորելու հարցը:
Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնից` ի վերջո այսօր հաջողվել է լուծել Ռոզա Դավթյանի խնդիրը եւ նրան տեղափոխել են Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում գտնվող «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն:
«Սյունիքի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համատեղ, միասնական ջանքերով հաջողվեց հիմնովին լուծում տալ խնդրին: Այսօր Ռոզա Դավթյանին տեղավորեցինք տարեցների կենտրոնում, նա արդեն հուսալի ձեռքերում է եւ նրան համապատասխան խնամք են ցուցաբերում: Մարզպետի կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերվեց կենտրոնին, հարցը շարունակելու է մեր հսկողության տակ մնալ, եւ նախնական պայմանավորվածությամբ պետք է հովանավորներ գտնենք, որպեսզի այդ կնոջ եւ կենտրոնում բնակվող 10 տարեցների եւ ծերանոցի պայմաններն էլ ավելի բարելավենք: Բացի այդ, այժմ միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի տիկին Ռոզան կարողանա իր կենսաթոշակը ստանալ տարեցների կենտրոնից, այլապես նրա որդին է իր իսկ կողմից լքած մոր թոշակը մինչեւ օրս ստանում: Փոխանցում իրականացնող «Արդշինինվեստբանկ»-ի հետ պայմանավորվածություններ են ձեռքբերվում այդ հարցը կարգավորելու համար», – հավելեց Սյունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ