Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Մանուկյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վ. Մանուկյանը, բողոքում ինքը պահանջում է վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, ընդունած որոշումը և պարտավորեցնել դատախազությանը նոր վարույթ հարուցել և անցկացնել քննություն:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժել էր բողոքը, որով դիմող կողմը պահանջում էր վերացնել նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով 16 տարվա վաղեմության սպանության գործով նոր վարույթ հարուցելը մերժելու մասին դատախազի որոշումը:
Որոշումն ընդունած դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը գտնում է, որ գործով նոր ի հայտ եկած հանգամանք չկա, դիմումը հիմնավորված չէ և չի բխում գործի տվյալներից: