Վերջերս հանրապետության զինված ուժերի զորամիավորումների, միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերի շրջանակում հոկտեմբերի 15-ից 23-ը պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ կազմակերպվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Այսօր` հոկտեմբերի 23-ին, բանակի “Տիգրանակերտ” զորավարժարանում տեղի ունեցավ զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարները, պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան զինվորականներ: Հինգ փուլից բաղկացած համաբանակային նշանակության միջոցառումը նպատակ ուներ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի խաղարկման ընթացքում ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, մարտի տարբեր տեսակներում կատարելագործել զորամասերի գործողությունների մարտական ներդաշնակությունը, բարձրացնել հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները և որ շատ կարևոր է, անձնակազմի մոտ ձևավորել բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներ:
Հանրապետության զինված ուժերի համար զորավարժությունն աննախադեպ էր ոչ միայն նրանում ընդգրկված ուժերի և միջոցների անհամեմատ մեծ ծավալներով, այլև դրանց ներդաշնակ կիրառման արդյունավետությամբ և մարտական պատրաստության ուղղությամբ ցուցաբերած կոլեկտիվ և անհատական բարձր ունակություններով:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին