Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի նպատակն ազնիվ էր, բայց…

Հոկտեմբեր 23,2012 17:22

Ինչի՞ եք բարձրացնում նվազագույն աշխատավարձը, ի՞նչ տրամաբանությամբ եւ փիլիսոփայությամբ: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ դա ամրագրված է կառավարության ծրագրում, որի հիմնական մասը աշխատատեղերի ստեղծումն ու սոցիալական պայմաննեի բարելավումն է: Սակայն պատգամավորի մեկ այլ հարց՝ եթե Վաչե Գաբրիելյանը նախարար չլիներ, իր պատկերացմամբ ի՞նչ չափսի պիտի լիներ նվազագույն աշխատավարձը, որպեսզի մարդը կարողանար սոցիալական խնդիր լուծեր, այդպես էլ անպատասխան մնաց:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նախարարից հետաքրքրվեց՝ կառավարության ծրագրով նախատեսված է նվազագույն աշխատավարձը կրկնապատկել մինչեւ 2017 թվականը, այսինքն՝ ստացվում է տարեկան ավելացնել 6500 դրամով, հաշվի չառնելով գնաճը: Նիկոլ Փաշինյանի համար գրաֆիկին անհամապատասխանություն կար: Նա նաեւ անտրամաբանական էր համարում նվազագույն աշխատավարձի մասին խոսել առանց նվազագույն զամբյուղի: Նախարարը հստակեցրեց, որ գրաֆիկը սահմանվել է ըստ Հայաստանի Հանրապետության տնտեսական հնարավորությունների:

Վաչե Գաբրիելյանի հավաստմամբ՝ 2014-15թթ. Հայաստանն ունենալու է առավել բարվոք տնտեսական վիճակ, իսկ ՀՀ բյուջեն՝ առավել սոցիալական ուղղվածություն:

Ինչ վերաբերում է նվազագույն զամբյուղին, նախարարի կարծիքով, դրա արհեստական կապը նվազագույն աշխատավարձի հետ հաճախ ոչ թե լուծում է խնդիրները, այլ ավելի բարդացնում:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչու կառավարությունը չի ընդունել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը 72 հազար դրամ սահմանելու մասին: «Բագրատյանի նպատակը ազնիվ էր, բայց հիմնավորումներ չկան, թե ինչու հատկապես 72 հազար դրամ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը, հավելելով, որ իրենք առավել տրամաբանական են համարում կամաց-կամաց անցումը, որով նաեւ էական ծանրաբեռնվածություն չեն դնում բիզնեսի վրա:

Ըստ Վաչե Գաբրիելյանի, ՀՀ-ում այժմ 310 հազար մարդ ստանում է 75 հազարից ցածր աշխատավարձ եւ նվազագույն աշխատավարձի շեմի միանգամից բարձրացումը կարող է հանգեցնել եւ աշխատատեղերի կրճատման, եւ ստվերի մեծացման:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031