Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվեցին 2013-2017 թթ. հանրապետությունում մասսայական սպորտի զարգացման խնդիրները: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը կարեւորեց ազգաբնակչության լայն զանգվածների ներգրավումը զանգվածային սպորտի եւ առողջ ապրելակերպի ոլորտ:
«Քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը տարբեր պատճառներով հնարավորություն չունի կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով: Հանրակրթական դպրոցներում եւ բուհերում անարդյունավետ են ֆիզկուլտուրայի դասերը, արձակուրդային ժամանակահատվածում դպրոցականների եւ ուսանողների առողջ ապրելակերպի կազմակերպման աշխատանքները: Մենք այսօր պետք է շարունակենք քննարկել այս խնդիրները, գտնենք լուծումներ` պահպանելով օրենքով սահմանված կարգով ֆիզկուլտուրայի դասերի համար նախատեսված շաբաթական երեք դասաժամը` միեւնույն ժամանակ կտրուկ ավելացնելով արտադասարանական պարապմունքները դպրոցներում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում», – խորհրդակցության մասնակիցներին հորդորեց նախարարը:
Հնչեցին բազմաթիվ կարծիքներ եւ առաջարկներ: Փոխնախարար Խաչիկ Ասրյանը տեղեկացրեց, որ իր հանձնարարությանբ եւ վերահսկողությամբ կազմվել է հանձնաժողով, որը քննարկում է խնդիրները: «Մոտ օրերս կլինի հանձնաժողովի հերթական նիստը, որին կհրավիրվեն նաեւ կրթության եւ գիտության նախարարության մասնագետները եւ այդ ժամանակ կկազմվի առաջարկությունների վերջնական փաթեթ»:
Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ խոսակցություն ծավալվեց նաեւ մայրաքաղաքում եւ մարզերում բակային պայմանները բարելավելու շուրջ, որտեղ կպարապեն ինչպես մանուկները, այնպես էլ շրջակա շենքերի տարեց բնակիչները:
Կառավարություն ներկայացվելիք վերջնական փաստաթղթի վրա դեռ բավականին աշխատանք կա, սակայն խորհրդակցության մասնակիցները համակարծիք էին, որ այսօրվանից պետք է աշխատել չորս հիմնական ուղղություններով. մասսայական սպորտի զարգացում բակերում, հանրակրթական դպրոցներում (հիմնական եւ ավագ), բուհերում եւ, որ նույնպես չափազանց կարեւոր է, մասսայական ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի հանրային իրազեկում եւ քարոզ զանգվածային լրատվամիջոցների միջոցով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ