Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը

Հոկտեմբեր 23,2012 17:07

 Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն իր ռազմավարական գործընկերների՝ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ այսօր նշում է ՄԱԿ-ի հիմնադրման 67-ամյակը:

Պաշտոնական արարողության ընթացքում ՄԱԿ-ի մշտական հաակարգող Դաֆինա Գեռչևայի, փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի, Տրանսպորտի և հաղորդակցության փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի,  «Հայփոստ թրասթ մենեջմենթի» հավատարմագրային կառավարիչ  Խուան Պաբլո Գեչիջյանի և «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի կողմից մարվեց ՄԱԿ-ի փոստային հատուկ նամականիշը: ՄԱԿի-ի փոստային նամականիշը «ՀայՓոստի» կողմից թողարկվում է գեղաթերթիկի վրա և նվիրված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին:

Միջոցառման բարձրակետը ՄԱԿ-ի լրագրողական մրցանակաբաշխությունն էր, որի ընթացքում մրցույթին մասնակցած լրագրողներից լավագույնները մրցանակներ ստացան Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար: Առաջին մրցանակին արժանացավ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության թիմը, որն ստացավ դյուրակիր համակարգիչ, երկու երկրորդ մրցանակներին՝ նեթբուքի արժանացան Լիանա Գյոզալյանը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթից և Նարեկ Մանուկյանը՝ «1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցից: Երրորդ մրցանակակիր Էլեոնորա Արարատյանը՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունից, ստացավ լուսանկարչական խցիկ: ՄԱԿ-ի փորձագիտական հանձնաժողովը հաղթողներին ընտրել էր ըստ պրոֆեսիոնալիզմի, ՄԱԿ-ի նպատակների խոր իմացության և ստեղծագործականության չափանիշների:

Արարողության ընթացքում բացվեց կայուն զարգացման հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին ի աջակցություն ՄԱԿ-ի աշխատանքն ու ձեռքբերումները ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես: Այս շրջիկ ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ և նպաստել ՄԱԿ-ի ձեռքբերումների հանրայնացմանը: Այն կշրջի երկրով մեկ՝ յուրաքանչյուրին հասանելի լինելու համար:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան ասաց. «Անկարող եմ բավարար չափով արտահայտել կարևորությունը, որ ՄԱԿ-ը տալիս է հայաստանյան հասարակության տարբեր դերակատարների հետ իր գործընկերությանը: Ռազմավարական համագործակցությունը կառավարության, մասնավոր հատվածի, գիտակրթական ոլորտի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ օգնել է ցույց տալ մեր՝ անկողմնակալ աջակցողի և խթանողի դերը դեպի գործուն ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն  Հայաստանի անցման փուլում»:

«Անցած 20 տարիներին, համագործակցելով գործընկերների հետ, մենք նպաստել ենք երկրի զարգացման նպատակների իրագործմանը՝ պետության կարողությունների զարգացման, օրենսդրական բարեփոխումների աջակցման և սոցիալական կապերի ու երկրի դիմակայունության ամրապնդման միջոցով: Իմ խորին երախտիքն եմ հղում Հայաստանի ժողովրդին, որը խորապես հավատում է հանուն խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների մեր աշխատանքին»,- ավելացրեց նա:

Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ասաց. «Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը մեր հուսալի գործընկերն է և աջակցել է դեպի կայուն զարգացում Հայաստանի ընթացքին: Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը հասնում է Հայաստանի բոլոր անկյուններ, ներգործում մեր կյանքի վրա և նպաստում երկրի բարեկեցությանը»

Տրանսպորտի և հաղորդակցության փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթի» հավատարմագրային կառավարիչ  Խուան Պաբլո Գեչիջյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը նույնպես կարևորեցին ՄԱԿ-ի դերը մարդկային կայուն զարգացման և Հազարամյակի զարգացման տեղայնացված նպատակների իրագործման հարցում:

Դաֆինա Գեռչևան նաև շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գործընկերներին, այդ թվում՝ կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին, իրենց համագործակցության և ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող տարբեր հաստատությունների աշխատանքին աջակցելու համար:

Ամբողջ երկրի տարածքում այս ամիս կազմակերպվել են նաև բազմաթիվ այլ միջոցառումներ՝ ՄԱԿ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցության և գործընկերության խթանման նպատակով:

1945 թ. հոկտեմբերի 24-ին՝ 67 տարի առաջ, ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնադիր կանոնադրությունը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բացվել է 1992 թ. դեկտեմբերին՝ նույն թվականի մարտին Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցությունից հետո:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031