Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնարարներին տնից կվտարեն

Հոկտեմբեր 23,2012 16:57

Ընտանեկան բռնություն թույլ տված անձին, հնարավոր է իրավապահ մարմնի որոշմամբ հարկադրվի անմիջապես հեռանալ ընտանեկան բռնության զոհի բնակության տարածքից, որոշակի ժամկետով, նույնիսկ եթե բռնարարը հանդիսանում է այդ բնակելի տարածքի սեփականատերը: Սա նախատեսվում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծով: Նախագիծը դեռ քննարկման փուլում է, բայց արդեն շատ քիչ «ճանապարհ» է մնացել, որպեսզի ներկայացվի կառավարությանը:

Այսօր «Անի պլազա» հյուրանոցում «Կանանց իրավունքների կենտրոնը» համաժողով էր կազմակերպել ընտանեկան բռնության թեմայով, որտեղ նաեւ ներկայացվեց օրենքի նախագիծը: Այն նաեւ նախատեսում է բռնարարին 100 մետրից ավելի մոտենալ իր բռնության զոհին, եթե իրավապահ մարմնի որոշմամբ, նրան որոշակի ժամկետով տնից «վտարել են», իսկ եթե անհրաժեշտություն լինի, նաեւ կարգելվի՝ բռնարարին մոտենալ երեխաներին:

Այսօր քննարկման ընթացքում դատախազության ներկայացուցիչը նաեւ հորդորեց շատ զգույշ մոտենալ օրենքի նախագծի այս կետերին, քանի որ բռնարարը եւս իրավունքներ ունի, եւ մարդուն ուղղակի զրկել սեփականության տնօրինությունից` լուրջ խնդիր է:

Այս կապակցությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմինե Թանաշյանն ավելացրեց, որ խոսքը կին-տղամարդ հարաբերությունների եւ ընտանեկան բռնությունների մասին է, իսկ բռնության կարող է ենթարկվել ընտանիքի ցանկացած անդամը, բռնարարն էլ կարող է ընտանիքից ցանկացած ոք լինել` ասենք` սկեսուրը, իսկ բռնարարը պետք է պատասխանատվության ենթարկվի: Սկեսուր բառը լսելուց հետո դահլիճում ներկա տղամարդկանցից մեկն էլ այսպես արձագանքեց` բայց ոչ երբեք զոքանչը: Սրան էլ ի պատասխան Արմինե Թանաշյանը պարզաբանեց` «Զոքանչները սովորաբար համատեղ ընտանիքներում չեն ապրում»:

Արդյոք օրենքի այս նախագիծը «սթափեցնող է» եւ կնվազեցնի՞ Հայաստանում ընտանեկան բռնությունները, Aravot.am-ի այս հարցին, Արմինե Թանաշյանն պատասխանեց. «Նախկինում ներկայացվում էր հայտ, ըստ որի քրեական պատասխանատվության էր ենթարկվում բռնարարը, նախագծով ունենք նախազգուշացման մեխանիզմ, առաջին եւ 2-րդ նախազգուշացման դեպքում քրեական հետեւանքների չի բերում, եւ գուցեւ այդպես հնարավոր է կանխարգելել հետագա բռնություններն ընտանիքում»:

Մեր այն հարցին էլ, նախագիծը վարչական պատասխանատվություն նախատեսո՞ւմ է, տիկին Թանաշյանը պատասխանեց, որ դա կախված կլինի մարմնական կամ ֆիզիկական վնասներից. «Եթե մի անգամ փոքր բռնություն, վեճ կամ ապտակ է եղել, ոստիկանի կողմից կնախազգուշացվի, որ հետագայում կրկնելու դեպքում կարող է ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության: Աշխատում ենք նաեւ հարակից իրավական ակտերի վրա, որտեղ պետք է նախատեսված լինեն այդ բոլոր հարցերը»:

Նախագիծը հասարակական լսումներից հետո, հավանաբար նոյեմբերին, կներկայացվի կառավարությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031