Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում, թիվ 43 երթուղուն պատկանող «Գազել» մակնիշի 04 41 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ 59-ամյա Վալերի Հակոբյանը, Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս, Ագրարային համալսարանի շենքի մոտ, կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 ուղևորի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ: Ուղևորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները: Կողաշրջման արդյունքում վնասվել է նաև ճանապարհին կայանված «Պեժո» մակնիշի 33 AR 340 համարանիշի ավտոմեքենան:
Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 1-ին խումբը, ինչպես նաև հրշեջ փրկարարկան ջոկատի թիվ 8 աշխատակիցները: Արդեն ժամանել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: