Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստաջյանը՝ Վաչե Գաբրիելյանին. «Քանի՞ օր է հնարավոր գոյատեւել ձեր ասած 35 հազար դրամով»

Հոկտեմբեր 23,2012 16:38

Հիմա ԱԺ-ում քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ներկայիս 32500 դրամ աշխատավարձի փոխարեն նվազագույն աշխատավարձը դարձնել 35000 դրամ, այսինքն՝ 2500 դրամով բարձրացնել:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ քանի՞ օր է հնարավոր գոյատեւել ձեր ասած 35 հազար դրամով: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ հարցն այնպես չպետք է դնել, թե քանի օր է հնարավոր գոյատեւել, պետք է համեմատել, թե նախկինում քանի՞ օր էր հնարավոր գոյատեւել եւ հիմա քանի օր է հնարավոր գոյատեւել: Ըստ նախարարի, հիմա 7-8 տոկոսով ավելի շատ է հնարավոր գոյատեւել: Տիկին Փոստանջյանի հարցին, թե նշված 7-8 տոկոսով ի՞նչ կարող է նա գնել՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Կարող է գնել ապրանքային զամբյուղի բազմաթիվ ապրանքներ, որը նա կարող է ձեռք բերել խանութում»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը առաջարկեց Վաչե Գաբրիելյանին համեմատություն անել նվազագույն սպառողական զամբյուղի հետ. «Այդ «հսկայական» գումարը որ պիտի ավելանա եւ որքան հիմա է նվազագույն զամբյուղը, այդտեղ դուք հակասություն չե՞ք տեսնում: Եվ խայտառակ գնաճի պայմաններում այդ 2500 դրամը ի՞նչ կանի: Խոսվում է աննախադեպ՝ 7 տոկոս տնտեսական աճի մասին, բայց, բացի հայտարարություններից, որեւէ այլ կոմպոնենտով չի հաստատվում այդ աճը: Արդյոք նման աննախադեպ տնտեսական աճը չի՞ ենթադրում, որ նվազագույն աշխատավարձը կարող էր շատ ավելի ավելանար, քան 2500 դրամ»: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Չի ծածկում նվազագույն սպառողական զամբյուղը: Մենք հասկանում ենք, որ դա ունի որոշակի խնդիրներ, այդ խնդիրները առաջարկում ենք լուծել կամաց-կամաց: Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, որ մենք ունենք խայտառակ գնաճ: 2011-ի սկզբին՝ մարտ ամսին երկնիշ գնաճ ունեինք, ապա իջանք, այս տարվա ընթացքում ցածր է, ունենք շուրջ 2,5 տոկոսանոց գնաճ: Իսկ 2013-ի ընթացքում կլինի 4 տոկոսի սահմաններում, այսինքն՝ ենթադրում ենք, որ կլինի ավելի ցածր՝ 3-4 տոկոսի սահմաններում: Դա չի կարելի անվանել խայտառակ գնաճ:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին՝ որեւէ կերպ չեմ հիշում աննախադեպ բառը՝ այդ 7 տոկոսանոց աճի վերաբերյալ: Աննախադեպ տերմինը չի օգտագործվել»: Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց, որ նույնիսկ նվազագույն հաշվարկներով, երբ հաշվում ենք նվազագույն սպառողական զամբյուղը 46 հազար դրամ, ոչ թե 56 հազար դրամ, ինչպես կա այլ հաշվարկներում, բոլորս էլ հասկանում ենք, որ կա լրջագույն խնդիր. «Ես կարող եմ ասել եւ պնդել, որ հիմնական պարենային անհրաժեշտ ապրանքների գներն աճում են ու գնալով աճ են ապրում»:

Օրինագծի քննարկումը կշարունակվի վաղը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031