Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրապ Մնացականյան. «Մեր հարաբերությունները Եվրոպայի հետ երկարաժամկետ են»

Հոկտեմբեր 23,2012 15:51

Այսօր ԵՊՀ-ում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանը «Հայաստան -Եվրամիություն համագործակցություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով դասախոսություն կարդաց:

Մնացականյանը ներկայացրեց, թե ինչ գաղափարախոսական շրջանակի մեջ է իրականացվում Հայաստանի քաղաքականությունը Եվրամիության մեջ եւ կիրառական դաշտում ինչ գործիքներ է օգտագործվում, որպեսզի կարողանանք ապահովել այդ գաղափարախոսության իրականացումը:

«Երբ խոսում ենք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին, կառաջարկեմ հիմնվել 2 հիմնարար սյուների վրա: Առաջինը՝ Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի եւ Եվրամիության հետ՝ դա համընդհանուր արժեքների հիման վրա հիմնված հարաբերություններ են, երկրորդ՝ Հայաստանի Եվրամիության հետ հարաբերությունների այս արտաքին քաղաքականության օրակարգը անմիջականորեն առնչվում է Հայաստանի ներքաղաքական բարեփոխումների քաղաքականության հետ: Գնահատելով այս երկուսը՝ նշեմ, որ Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ հիմնվում են համընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը 21 տարի է, ինչ ձեռք է բերել անկախություն եւ միջազգային ասպարեզում դարձել սուվերեն պետություն, որը կառուցում է իր երկիրը ինչ-որ մի քաղաքական, տնտեսական, սոցիալական մոդելի հիման վրա: Որն է այդ մոդելը.

21 տարի շարունակ Հայաստանի քաղաքական, տնտեսական սոցիալական մոդելը հիմնվել է մի քանի սկզբունքների վրա, որոնք արտահայտված են մեր ներքաղաքական փաստաթղթերի վրա՝ առաջին հերթին Սահմանադրության մեջ»,- ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարարը, նշելով, որ մենք ունենք եւ ձեռքբերումներ, եւ ձախողումներ:

Ինչ վերաբերում է երկրում բարեփոխումներ իրականացնելուն, ապա, ըստ Մնացականյանի, այդ գործում Եվրամիությունը մեզ համար հանդիսանում է կարեւոր գործընկեր, ներգրավված այդ գործընթացի մեջ, աջակցության, ուղղորդելու առումով:

Հիշելով ՀՀ նախագահի խոսքերը, արտաքին գործերի փոխնախարարն ասաց. «Երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը պարզ ձեւով արտահայտվեց, ասելով, թե այն ամենը, ինչ փորձում ենք կառուցել մեր երկրում, դա կլինի խանութի ցուցանակ, թե դատական համակարգ, փորձում ենք կառուցել ըստ եվրոպական նորմերի եւ ստանդարտների: Այսինքն՝ արժեքներից բխում են նորմեր ու ստանդարտներ»:

Մնացականյանը նաեւ հավելեց, որ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ չեն կառուցվում ճգնաժամի ժամանակ եւ դրանցից դուրս բազաների մեջ, սա երկարաժամկետ համագործակցություն ու հարաբերություններ են եւ չի փոխկապակցվում շրջանների հետ, երբ գոյություն ունեն խնդիրներ:

«Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները գործում են իրավական շրջանակի մեջ, որը գործում է համագործակցության եւ փոխգործակցության պայմանագրի շրջանակներում, որն էլ ստորագրվել է 1996 թվականին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականին եւ գործում է առ այսօր»,-ավելացրեց Զոհրապ Մնացականյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031