Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյանը՝ Կարինե Հակոբյանին. Не будите зверя

Հոկտեմբեր 23,2012 15:41

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ու հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն այսօր «Հայելի» ակումբում բանավիճեցին Երեւանում անցկացվող զանգվածային միջոցառումների, արձանների հանդեպ վերաբերմունքի եւ այլ թեմաներով: Ընդ որում, Կարինե Հակոբյանի՝ ինտրիգ պարունակող հարցադրումները մի պահ այնքան զայրացրին Լեւոն Իգիթյանին, որ սաստեց. «Не будите зверя»:

Տիկին Հակոբյանը կարծում է, որ խրախճանքներ ենթադրող զանգվածային միջոցառումներ Երեւանին հարկավոր չեն «Հիշեք Հռոմի խրախճանքները եւ Հռոմի վախճանը: Մեր նման երկրին զանգվածային միջոցառումներն ընդունելի չեն, մեկ օրում ծախսում ենք ֆինանսներ, որոնք կարելի է ներդնել մնայուն ծրագրերի մեջ, օրինակ՝ բարեկարգել Կոմիտասի այգին եւ մնացած այգիները, Էրեբունի թանգարանը…»:

Տիկին Հակոբյանը հավաստիացնում է, թե տարիներ շարունակ զբաղվել է երկրի բյուջեի ուսումնասիրությամբ ու համոզվել, որ դրա 2/3-ը ոչ մնայուն ծախսեր են ու փոշիացվող գումարներ:

«Ես դեմ եմ զանգվածային միջոցառումներին, դրանք նաեւ հոգեպես են դատարկում հասարակությանը, որովհետեւ կտրված են մեր մշակույթից ու միտված հասարակությանը զբաղեցնելուն ու զվարճացնելուն: Օրինակ, եթե ուզում ենք 4 տարի հետո տոնել Երեւանի 2800-ամյակը, պետք է մյուս տարի չտոնեն 2797-ը, որովհետեւ քաղաքները 25 տարին մեկ են հոբելյան նշում, դա միջազգային, համամարդկային մշակույթ է»,- ասում է նա:

Լեւոն Իգիթյանը եկել է այն համոզման, որ երեւանյան նիստուկացն է ավերվել, մինչդեռ Երեւանը ժամանակին բազմաթիվ չգրված օրենքներ ու գաղտնիքներ ուներ, որոնք անմեկնելի էին եւ ուղղակի երեւանյան, ինչպես իրենց թաղում ընդունված շատ բաներ՝ չափն անցնելու եւ մեծերին չհարգելու դեպքում ծեծ ուտելը կամ բարոյական շեղում ունեցող աղջիկների ընտանիքներին թաղի ծեր կանանց կողմից կարգի հրավիրելը:

Դառնալով Երեւանում իրականացվող զանգվածային միջոցառումներին, Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանն ասում է. «Ընդհանրապես մասսայականություն չեմ սիրում, ամբոխի հոգեբանությունն ահավոր է եւ վտանգավոր, իսկ հայերից յուրաքանչյուրը անհատականություն է»:

Չնայած, նրա խոսքով, երբեմն, երբ անհատականությունները միավորվում են, հաղթանակներ են գրանցում, ինչպես լեգենդար Արարատ 73-ի պարագայում. «11 հայ տղա որոշեցին, որ պետք է հաղթեն ու ձեռք ձեռքի տվեցին, չնայած ֆուտբոլը իրենք չէին ստեղծել»:

Ինչ վերաբերում է վերջերս Երեւանում հայտնված գիպսե արձաններին ու դրանց վնասելուն, ճարտարապետը դա ուրիշ բանի հետ է կապում. պակասել է կարդալու ցանկությունը, դրա համար ամեն պատահած նստում է նստարանին ու ձեռքը գցում Չարենցի արձանի վզով:

«Երբ ես ուսանողի էի, պոլիտեխնիկից, բանից, դասերից փախչում-գնում էինք համալսարան, որ Լեւոն Ներսիսյանին լսենք, նա երեւույթ էր: Գիտեր, որ մեծ մասը համալսարանից չէ, մենակ հարցնում էր՝ КГБ-ից քանի՞ հոգի կա: Իսկ էն օրը համալսարան մտա, լիքը ուսանողություն տեսա, ու ոչ մեկի ձեռքին գիրք չտեսա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031