Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպան Շուշանյան. «Պետական մեքենան լծված է կեղծ փաստաթղթեր սարքելու գործին»

Հոկտեմբեր 23,2012 15:34

Վատ ավանդույթ է դարձել, որ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության երեքշաբթի օրվա նիստերը սկսվում են ուշացումով: Դրա պատճառն այն է, որ նախատեսված ժամին` ժամը 11-ին, ամբաստանյալները ոստիկանության կողմից Երեւանից Իջեւան տեղափոխված չեն լինում: Նախորդ նիստերից մեկում դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ինքն այդ կապակցությամբ զրույց է ունեցել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի հետ, որ վերջինս իր վերահսկողության ներքո է վերցնելու հարցը: Դատավարության հոկտեմբերի 23-ի նիստը նույն պատճառով սկսվեց կես ժամ ուշացումով: Այնուհետեւ դատավոր Մարդանյանը ներկայացրեց ոստիկանության կողմից դատարան ուղարկված գրությունները, որ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանի միջնորդությամբ դատակոչված վկաները բացակայում են Հայաստանի Հանրապետությունից: Ըստ այդ գրությունների`որպես վկա դատակոչված Հայկ Ասատրյանը չի կարող դատարան ներկայանալ, քանի որ գտնվում է Ռուսաստանում, իսկ Համլետ Աղամիրյանը` ԼՂՀ-ում:

Այնուհետեւ դատարանն անցավ ամբաստանյալների, վկա զինծառայողների վերաբերյալ կարգապահական խախտումների գրանցամատյանը, ծառայողական քննության նյութերը, եթե նման քննություն անցկացվել է, զորամասի հրամանատարի կողմից կազմված եւ ռազմական ոստիկանություն ներկայացված մեկուսացման գրությունները հետազոտելուն: Քանի որ դրանք ստացվել էին «գաղտնի գրություն» նշումներով, դատարանը որոշեց դրանք հետազոտել դռնփակ:

«Ուրեմն դրանք փակ աչքերով հետազոտեք»,- ասաց Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:

Դռնփակ նիստի ընդմիջման ժամանակ դատարանում ներկայացված գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանն ասաց. «Ակնհայտ կեղծած փաստաթղթեր են, որոնց նպատակն է կեղծել նախաքննական մարմնի հանցագործությունները»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ հավելեց. «Պետական մեքենան լծված է կեղծ փաստաթղթեր սարքելու գործին, հանցանքը կոծկելու համար կատարում են նոր հանցանք»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031