ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է «Գլոբալ անվտանգության կոնտեքստում գիտության պատասխանատու կառավարումը. ինչպե՞ս բարձրացնել պատասխանատվության գիտակցումը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գիտախորհրդատվական կոմիտեն:
Գիտաժողովի աշխատանքները կընթանան հետեւյալ ուղղություններով` «Գիտության պատասխանատվության առաջընթացը միջուկային սեկտորում», «Գիտության պատասխանատվության առաջընթացը կենսատեխնոլոգիական սեկտորում», ինչպես նաեւ` կլինեն դասախոսություններ ուսանողների համար:
Ողջույնի խոսքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում նման բարձր մակարդակի գիտական ֆորում անցկացնելու հիմքում դրված է հայ եւ արտասահմանցի գիտնականների համար կարեւոր խնդիր` պատասխանատվություն մարդկության առաջ. «Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ են հայտնի, երբ գիտնականների գեղեցիկ գաղափարները օգտագործվել են շահադիտական նպատակներով: Իսկ եթե հաշվի առնենք աշխարհում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, դժվար է գնահատել գիտնականների պատասխանատվությունը մարդկության հանդեպ: Մեր առջեւ հարց է դրված` ինչպե՞ս անել, որ գիտությունը եւ նրա արդյունքները չդառնան նոր աղետների պատճառ: Հիշենք ատոմային էներգիայի խնդիրը: Գաղտնիք չէ, որ այդ էներգիան կարելի է օգտագործել խաղաղարար նպատակներով, բայց նաեւ` մահացու զենք ստեղծելու համար: Մեր պատասխանատվությունը կայանում է նրանում, որ մարդկային կյանքի բարելավման համար ստեղծված էներգիան չվերածվի սարսափելի վտանգի»:
Մարտիրոսյանը հավելեց, որ կենսաբանության եւ կենսատեխնոլոգիաների բնագավառում աշխատող գործընկերների գիտական հետազոտությունները ճիշտ օգտագործելով` կարելի է դրանք ծառայեցնել մարդկությանը. «Իսկ ի՞նչ կլինի աշխարհի հետ, եթե դրանք ընկնեն ոչ բարեխիղճ եւ անպատասխանատու մարդկանց ձեռքը: Վտանգը կասեցնելու համար հարկավոր է պետությունների եւ համապատասխան կառավարման ու անվտանգության օրգանների ուժերի միավորում: Այդ գործում առաջնահերթ դեր են կատարում հենց գիտության ներկայացուցիչները»:
Կարդացեք նաև
ԳԱԱ նախագահը նաեւ հայտնեց, որ սեմինարի շրջանակում կանցկացվի երիտասարդ գիտնականների աշխատանքների մրցույթ. հաղթողը հնարավորություն կստանա իր ընտրությամբ մասնակցել միջազգային որեւէ գիտաժողովի:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի փոխանցմամբ` 16 տարվա գոյության ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորել է ընդհանուր 830 միլիոն դոլար արժողությամբ 2605 ծրագիր. «Դրանցում ներգրավվել է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների 930 ինստիտուտի 68.000 մասնագետ: Կենտրոնի դերը նշանակալի է նաեւ հայկական գիտության զարգացման գործում` գիտնականների եւ ինժեներների համար նոր աշխատատեղերի ստեղծման մասով»:
Հավելենք, որ գիտաժողովի աշխատանքներին կմասնակցի ավելի քան 100 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կանադայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ