Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ 2-րդ» սրահում երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Հայաստանի երգը»:
Երգչուհին հայտնեց, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում էր անել սեպտեմբերի 21-ին, սակայն եղանակային պայմանները թույլ չտվեցին 7-օրյա նկարահանումներն ավարտին հասցնել սահմանված ժամկետում. «Պահը հասունացել էր եւ Հայաստանին նվիրված երգ ծնվեց իմ մեջ: Հասկացա, որ հայրենիք եւ Հայաստան հասկացությունները կարող եմ երգով ցույց տալ: Իսկապես շատ եմ սիրում իմ հայրենիքը: Ճիշտ է, Հայաստանին նվիրված գեղեցիկ երգեր կան, բայց որոշեցինք տարբերվել եւ Հայաստանին մինչ այդ նվիրված երգերի խոսքերի «մոնտաժով» ստացանք նոր երգ»:
Երգի խոսքերի «մոնտաժողներն» են Գրիգոր Կյոկչյանը եւ Ավետ Բարսեղյանը: Վերջինիս համոզմամբ. «Տեսահոլովակն առաջինը լրագրողներին ներկայացնելը մեծամտության դրսեւորում չէ: Հանդիպումը կազմակերպվել է «ֆեյսբուքային» «լայքից» կամ «դիսլայքից» դուրս գալու համար: Սոֆիին կարելի է այս արտահայտություններով բնութագրել՝ «մի հատ ժպտա», «ճանաչիր», «մի բան արա», «պարիր-խելագարվիր», «օ-օ-օ», «ա-ա-ա»… Ինչպես հաջողվեց ակցիոներային երգչուհուց Հայաստան ստանալ»:
Ի պատասխան՝ տեսահոլովակի ռեժիսոր Արեն Բայադյանն ասաց, որ Սոֆին ներկայացված է միայն տեսահոլովակի սկզբում եւ վերջում. «Երգն ինքնին ուժեղ է, իսկ Սոֆին ամեն ինչ արել է արդյունքը ստանալու համար»:
Կարդացեք նաև
Բայադյանը հավելեց, որ տեսահոլովակը նկարահանելը մեծ պատասխանատվություն է իր համար. «Հայաստանի մասին այլ երգերի շարքում առանձնանալու նպատակով նկարահանեցի, այսպես ասած, բնական տեսահոլովակ՝ առանց բեմադրությունների: Տեսահոլովակում ամեն ինչ իրական է, իսկ Հայաստանի բոլոր ձեռքբերումները պարզ են ներկայացված»:
Ավետ Բարսեղյանն ասաց, որ Հայաստանի մասին երգերի բառեր գրելով՝ արդեն հայաստանաքամ է եղել. «Բայց չմտածեք, թե Ավետ Բարսեղյանը հոգնել է Հայաստանի մասին երգեր գրել: Ճիշտ է, սիմվոլիկ երգեր գրելու առումով հոգնածություն կա, բայց դա բնական է»:
SOFI – HAYASTANI YERG@ (Master)
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ