Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական իրավիճակի հետ կապված առողջապահության նոր օրենքը տանում-բերում են, բայց ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված մարդը հոգեբանի կարիք ունի

Հոկտեմբեր 23,2012 14:42

Սթրեսները, սոցիալ-տնտեսական վատ պայմանները սրտի հիվանդությունների հիմնական պատճառն են: Եթե տարիներ առաջ 40 տարեկանում սրտի կաթված տանելը համարվում էր շատ երիտասարդ, այսօր արդեն 20-25 տարեկան երիտասարդներն են մահանում սրտի կաթվածից: Ճիշտ է, բժիշկների հավաստմամբ, մահացությունը նվազել է, բայց հիվանդության երիտասարդացումն այսօր լուրջ սպառնալիք է մեր երկրի համար: Այսօր «Հենարան» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դեկան, սրտաբան Արմեն Աստվածատրյանը ներկայացրին սրտի հիվանդությունների վիճակագրություն եւ դրանց առաջացման պատճառները: Ըստ բժիշկ Աստվածատրյանի, «ամենասարսափելին այն է, որ ոչ միայն տղամարդիկ են կաթված ստանում, քանի որ սա հիմնականում համարվում է տղամարդկանց հիվանդություն, այլեւ` այսօր արդեն շատ կանայք»:
Կարինե Նալչաջյանի խոսքերով, նույն սթրեսորը կարող է ազդել երկու մարդու վրա եւ մեկը դրանից կարող է կոտրվել, դառնալ ամենավերջին դժբախտը, չկարողանա ուժեր գտնել ապրելու, մյուսն այդ լարվածությունը, ցնցումն ապրում է եւ կարողանում է ինքնապաշտպանական միջոցներով դուրս գալ այդ վիճակից:
Երկու մասնագետներն էլ խորհուրդ տվեցին օգտվել հոգեբանի ծառայություններից. «Հոգեթերապիայի հիմնական նպատակը մարդու անձն ուժեղացնելն է, խորհրդատվություն է կոչվում, բայց պրոֆեսիոնալ հոգեբանը մարդուն չի նստեցնում իր առաջ, գլխին քարոզ կարդում՝ կգնաս այսպես կանես, այնպես կանես»,-ասաց տիկին Նալչաջյանը:

Արմեն Աստվածատրյանը խորհուրդ տվեց սթրեսներին միայն վատ աչքով չնայել. «Սթրեսները շատ կարեւոր են մարդու զարգանալու համար: Երեխան, որ ծնվում է, ինքը կրիզիսային էտապներով է անցնում: Մարդու, երկրի քաղաքականության զարգանալու համար սթրեսները անհրաժեշտ են, եթե դրանք չլինեին, մարդկությունն ընդհանրապես չէր զարգանա: Սթրեսները մարդկային էտապների զարգացման շրջան է»:
Aravot.am-ի հարցին, թե հոգեբանի ծառայությունից պարբերաբար օգտվելը կնվազեցնի՞ սրտի հիվանդությունները, բժիշկ Աստվածատրյանն ասաց. «Շատ կարեւոր հարց եք բարձրացնում, մենք հիմա ընդունում ենք նոր առողջապահության մասին օրենք, դեռեւս չունենք առողջապահության մասին օրենք, չարաբաստիկ օրենքը անընդհատ գնում է գալիս` կապված քաղաքական իրավիճակի հետ եւ փաստորեն չունենք հիմա գործող նոր առողջապահության մասին օրենք եւ մենք` փորձագիտական հանձնաժողովով, որի անդամ եմ եւ ես, պարտադիր կետ մտցրեցինք, որ ցանկացած մեծ բժշկական հաստատություն անպայման ունենա հոգեբանի ծառայություն: Դժվար է պատկերացնել, որ մարդը ինֆարկտային կամ ինսուլտային վիճակի մեջ է լինում, ինքը ծանրագույն հոգեբանական սթրես է ապրում: Ես կարծում եմ, որ բուն բժշկի աշխատանքից արվեր հոգեբանի ծառայություն: Օրենքի մեջ այդ կետը ավելացրել ենք, տեսնենք կընդունվի, թե ոչ»: Կարինե Նալչաջյանի համոզմամբ էլ ՝ «Անշուշտ, դա կանխարգելիչ նշանակություն ունի: Եթե մենք ասում ենք, որ սթրեսներն ազդում են առողջության վրա եւ դա փաստ է, իսկ հոգեբանի գործը մարդու հոգեվիճակի կայունացումն է, անշուշտ, եթե մեզանում մտնի հոգեբանին դիմելու կուլտուրան, ավելի կայուն կդառնանք սթրեսների նկատմամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031