Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հատուկ դպրոցներում հայտնվում է սոցիալապես անապահով երեխա»

Հոկտեմբեր 23,2012 14:28

ԱԺ նիստում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2022 թվականը Հայաստանում ներդնել համընդհանուր ներառական կրթություն: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը օրինագիծը ներկայացնելիս ասաց. «Սա չի նշանակում, թե հատուկ դպրոցները վերանալու են: Հատուկ դպրոցները Հայաստանում չեն կարող վերանալ: Այսօր կա խնդիր, երբ հատուկ դպրոցում հայտնվում է այդպիսի դպրոցի կարիք չունեցող երեխա: Սոցիալապես անապահով որոշ ընտանիքներ, որոնց երեխան որեւէ խնդիր չունի, բերում իրենց երեխաներին թողնում են այդ դպրոցները, որովետեւ պետությունը հոգում է այդ երեխաների սննդի, տեղափոխման եւ այլ հարցեր»:

Նախարարը նշեց, որ հիմա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկում են, մոնիտորինգ են անում, որ պարզեն, թե ովքեր չեն համապատասխանում եւ հատուկ դպրոց այսուհետեւ հաճախեն միայն այն երեխաները, որոնք, ըստ Աշոտյանի, այլընտրանք չունեն: Եվ արդեն ուղեգիր պետք է տան մասնագետները՝ այդ երեխան հատուկ դպրոցի՞ երեխա է, թե՞ հանրակրթական դպրոց պիտի գնա. «Մենք չենք հավակնում ընդունելու, որ բերել ենք կատարյալ օրինագիծ: Պետք է հանրային լսումներ իրականացվեն, որը ենթադրում է, որ օրենքի երկրորդ ընթերցումը հնարավոր չէ այդքան արագ կազմակերպել, որ մինչեւ 2013-ի բյուջեի քննարկումը ֆինանսավորման հարցերն էլ քննարկվեն»:

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ կա՞ ուսումնասիրություն՝ օրենքը կիրառելուց հետո կկարողանա՞նք պահպանել այն կրթության մակարդակը, որը հիմա ունենք: Այս քայլի արդյունքում մենք չե՞նք նվազեցնելու կրթության մակարդակը: Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այս օրենքով եւ գործող օրենքով ենթադրվում է, որ հանրակրթական ծրագրերը պետք է լինեն ընդհանուր հանրակրթական, մասնագիտացված եւ հատուկ հանրակրթական ծրագիր, որը ընդհանուր ծրագրի թեթեւացված տարբերակն է: Այսօր չափանիշները կրթական ծրագրի այլեւս չեն արվում զանգվածային ձեւով: Խնդիրը երեխայի կրթական կարիքը բավարարելն է, տալ նրան այնքան, ինչքան նա կարող է վերցնել: Հանրային սեկտորից կատարված հետազոտություններ ունենք, որ այն շրջանավարտները, որոնք հատուկից եկել են ներառական համակարգ, ավելի մեծ չափով են հետո կարողանում կրթական մասնագիտացված համակարգերում սովորել: Մեր հասարակությունը հոգեբանական խնդիր ուներ ներառելու իրենց դասարաններում իրեց երեխայի կողքին որեւէ խնդիր ունեցող երեխայի: Այսօր էլ կան ծնողներ, որոնք գալիս ասում են՝ ես չեմ ուզում, որ իմ երեխայի կողքին այդպիսի երեխա սովորի: Մարդիկ պետք է հասկանան, որ նա իր հասարակության անդամ է, իր հասարակության երեխան է, որ իր երեխան նույնքան ապագայի հույսով է գալիս դպրոց, որքան այն երեխան, որն առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ես չեմ ակնկալում, որ մենք կրթության որակի հետ կապված խնդիրներ ունենանք: Եթե հոգեբանական մթնոլորտը լավն է դասարանում, դա ոչ մի կերպ չի կարող ազդել կրթության որակի վրա: Կարեւոր է երեխայի տոտալ ինտեգրումը այն միջավայրում, որտեղ նա հայտնվել է: Այստեղ մենք հասարակության ընկալման խնդիր ունենք, որը ժամանակի հարց է»:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031