Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ենթարկվել ու հեռանալ»

Հոկտեմբեր 23,2012 13:58

«Մեր շարժումը ուսանողական, գաղափարական է եւ որեւէ քաղաքական ուժի կողմից չի ուղղորդվում: Այն հիմնված է մեր գաղափարները կիսող ուսանողների էնտուզիազմի վրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ո՞ր ուժերն են կանգնած շարժման թիկունքում, ասաց «Հայաստանը Եվրոպայում» համահայկական ուսանողական շարժման հիմնադիր խորհրդի անդամ Վրույր Թադեւոսյանը: Մեր զրուցակցի պարզաբանմամբ, ԵՊՀ մի խումբ ուսանողներ երկար պրպտելով հանգել են այն մտայնության, որ պետք է ունենալ «ներքին դիմադրողունակ ուժ»: Ճիշտ են համարել, որ այն լինի ուսանողական, որովհետեւ իրենք կարծում են, որ մեր ուսանողությունն այսօր բավականաչափ մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել: «Ուսանողները, սակայն, անտարբեր են այն բազմաթիվ խնդիրների նկատմամբ, որոնք առկա են մեր երկրում: Որքան էլ տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնություններ ի հայտ գան, որոնց ենթատեքստում հաճախ այդքան էլ պարզ չէ, թե ի՞նչ է թաքնված, որքան էլ այդ նախաձեռնություններում ակտիվ լինեն ուսանողները, միեւնույն է, պակասում է ուսանողների այն ակտիվությունն ու եռանդը, որը որոշիչ կլինի: Ամբողջ աշխարհում ուսանողները կարողանում են ուժ դառնալ, համախմբվել եւ որոշակի արժեք ներկայացնել: Հայաստանում, ցավոք, այդպես չէ: Մեր ուսանողները ունեն առաջ գնալու, առաջ շարժվելու պոտենցիալը, բայց դա դեռ չեն գիտակցում եւ չեն փորձում օգտագործել: Ուստի, մենք որոշեցինք համախմբել ուսանողներին եւ Հայաստան ներմուծել եվրոպական քաղաքակրթական չափանիշներ»,- ասաց մեր զրուցակիցը: Ուսանողները պատրաստվում են լրջորեն զբաղվել քաղաքական, տնտեսական, կրթական համակարգում առկա բացթողումների լրացմամբ՝ նախ հրապարակայնացնելով դրանք, ապա լուծման սեփական տարբերակները կիրառել՝ ներգրավելով հենց ուսանողներին: «Եթե մենք ցանկանում ենք լավ Հայաստան ունենալ, ինչ-որ բան փոխել՝ ինքներս պետք է աշխատենք: Ոչ ոք դա մեր փոխարեն չի անի»,- ասում է շարժման մեկ ուրիշ ներկայացուցիչ:

«Առավոտի» դիտարկմանը, որ եվրոպական քաղաքակրթություն ասվածը բազմաշերտ է, հատկապես ի՞նչն են ցանկանում Հայաստան ներմուծել, Վրույր Թադեւոսյանը պարզաբանեց. «Հենց այն չափանիշները, որոնց մասին երազում ենք բոլորս, բայց դրանց իրականացման մեխանիզմները այդպես էլ չեն ներմուծվում: Այն բարոյական չափանիշները եւ արժեհամակարգը, որոնք տեսանելի են բոլորիս, բայց մեզանում չեն ներմուծվում: Մեր գործունեությունը լինելու է ազգակենտրոն եւ պետականակենտրոն՝ հայի արժեքային համակարգի, ազգային կերպարի, ազգային դիմագծի պահպանմանը միտված: Մենք, որպես երիտասարդներ, որպես ժառանգություն ստացող սերունդ, պետք է պատասխանատվության կանչենք բոլոր նրանց, ովքեր այդ մեխանիզմներով «աշխատում են»: Որտե՞ղ են, օրինակ, կրթական բարեփոխումների արդյունքները: Դպրոցո՞ւմ: Որտեղ սովորելուն զուգահեռ՝ աշակերտները 3-4 տարի էլ կրկնուսույցների մոտ են պարապում: Զարգացում մշակույթի ոլորտո՞ւմ, որ անցյալից էլ գրեթե բան չմնաց: Ուսանողներն այսօր Հայաստանում մի սերունդ են, որ հոգնել են արդեն սուտ խոստումներ լսելուց: Մենք փորձելու ենք ստիպել պատկան պաշտոնյաներին՝ խոստումներն իրագործելու: Ինչո՞ւ ես պետք է ենթարկվեմ մի «մեխանիզմի», որը ինձ ստիպում է դուրս գալ Հայաստանից»:

Մեր զրուցակիցն այն կարծիքին չէ, որ իրենք միանգամից «սարեր են շուռ տալու», բայց որ ջանալու են ըստ ամենայնի՝ խոստանում է. «Նախեւառաջ եւ հատկապես ուսանողների շրջանում պետք է տարածենք «փոխելու» գաղափարը»: Ասում է, որ իրենք ուսխորհրդի չեն նմանվելու, քանի որ, իրենց համոզմամբ, ուսխորհուրդները «գործիք են՝ բուհի ռեկտորի, դեկանի ձեռքին», մշտապես «արտահայտում են ղեկավարության ձայնը» եւ երբեք «ուսանողության կողքին» չեն լինում: «Մենք ԵՊՀ ուսանողներ ենք, մեր շարժումն ուսանողական է, որը դուրս է նոմենկլատուրայինից եւ եթե մեր տեսանելի նպատակները համընկնեն որեւէ տեսանելի քաղաքական նպատակի՝ ինչո՞ւ չհամագործակցել: Այսինքն՝ խոսքը համագործակցության մասին է եւ ոչ գործիք լինելու եւ բնավ կապ չունի՝ տվյալ ուժը իշխանական է, թե ընդդիմադիր»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ արդեն իսկ համագործակցության ծրագրեր կան միջազգային կառույցների հետ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031