Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փողերի լվացում դեպքը տեղի չի ունեցել: Նվիրաբերողի պատասխանը դեռ չկա

Հոկտեմբեր 23,2012 13:55

Առանձնապես խոշոր չափերի հասնող փողերի լվացում

Վարդան Օսկանյանին վերագրված այս մեղադրանքը իրավական հիմքերից զուրկ լինելը մենք դիտարկել ենք «Առավոտ» օրաթերթի  24.07.2012թ. համարում՝ «Սպասենք ամերիկյան կողմի դիրքորոշմանը» խորագրով եւ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը չկա: Բացի դա, այդ հանգամանքը արտահայտված է հենց միջնորդագրում: Բանը նրանում է, որ երբ հրապարակվեց Վարդան Օսկանյանի նկատմամբ փողերի լվացում հատկանիշներով հարուցված քրեական գործի ֆաբուլայի հիմքերը, հանցագործության առարկան անորոշ էր, իսկ միջնորդագրում հստակեցվել է: Ըստ այդմ՝ ամերիկյան կողմի ՀՀ-ում հիմնած, այնուհետեւ լուծարված ընկերության բաժնեմասը եւ նրա առքուվաճառքի գործարքը  համարվել է օրինական, իսկ հանցագործության առարկան ճանաչվել է ամերիկյան կողմի՝ «Սիվիլիթաս» հիմնադրամին նվիրատվությունը՝ 1 մլն 427 հազար ԱՄՆ դոլար (վաճառքի հասույթը), ինչը նվիրաբերողի ցանկությամբ փոխանցվել է հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանին: Քրեական գործով Վարդան Օսկանյանի կողմից այդ դրամական միջոցը իր բանկային հաշվեհամարում երկարատեւ պահելը ու հիմնադրամին չփոխանցելը արարքը որակվել է ուրիշի գույքի հափշտակություն՝ յուրացման ձեւով (Քրօրի 179 հոդված): Իսկ հափշտակված գույքից ծախսելը՝ հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտը օրինականացնելը՝ փողերի լվացում (Քրօրի 190 հոդված): Այս որակումը նշանակում է, որ անձը օրինականացնում է իր կողմից կատարած հանցագործության արդյունքում ստացված եկամուտը: Խնդիրը կայանում է նրանում, որ մեր քրեական օրենսդրությունում նման բան գրված չէ եւ այդպիսի պրակտիկա գոյություն չունի: Օրինակ, Եվրոպական խորհրդի 08.11.1990թ. կոնվենցիայի  առաջին հոդվածի ա) եւ բ) կետերում նշված է, որ փողերի լվացում նշանակում է հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտը՝ դրամական միջոցները կամ այլ գույքը օրինականացնելը: Դրանից բխող այդ հարաբերությունը կարգավորող մեր 190 նորմի դիսպոզիցիայում հասկանալի շարադրված է, որ փողերի լվացում նշանակում է, եթե հայտնի է եղել, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում, այսինքն՝ օրինականացվում է արդեն իսկ հանցավոր գործունեության արդյունքում ծագած եկամուտը:

Իմ պատկերացմամբ՝ միջնորդագրում տեղ գտած եւ մեղադրանքի հիմքը հանդիսացած հիշյալ բանաձեւը կատարյալ իրավական անգրագիտություն է կամ նենգափոխում, ինչի արդյունքում ստացան Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալի ներգրավելու համաձայնությունը: Հափշտակած գույքը կամ գողացված դրամական միջոցները սպառելը կամ գործածելը եւ դրանք կաշառք տալը բնավ փողերի լվացում չի նշանակում եւ նրա  հանցակազմը չի առաջացնում, այլ դիտվում է հասարակ տնօրինում: Ըստ այդմ՝ «Սիվիլիթասի» գործով հանցագործության առարկան, այսինքն՝ հանցավոր գործունեության արդյունքում ստացված եկամուտը բացակայում է, հետեւաբար, այդ հանցագործությունը տեղի չի ունեցել: «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով ամբողջ խնդիրները կպարզաբանվեն եւ հիմնադրամի շուրջը աղմկահարույց դիսկուսիաները կդադարեն, եթե քրեական գործով ունենան նվիրաբերողի պատասխանը կամ խոստումը: Դա կարելի է ակնկալել նվիրաբերողին կամ նրա ներկայացուցչին հարցաքննելով, ինչպես նաեւ ամերիկյան կողմին քննչական հանձնարարություն հղելով, մինչդեռ անցել է 5 ամիս:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031